Հակառակորդը շփման գծի Մարտունու ուղղությամբ կիրառել է 60 մմ ականանետեր. ՊԲ-ն կորուստներ չունի
Այսօր ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր, հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից:
Միջադեպի հետևանքով ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:
Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Հարկ ենք համարում նշել, որ սա 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է:
Միաժանակ ավելացնենք, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից:
Այս պահի դրությամբ առաջնային գծում իրավիճակը հանգիստ է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: