24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը Արևելյան գործընկերության հարցում 2020 թվականից հետո ԵՄ նոր քաղաքականությունից․ «Լույս» հիմնադրամ

Մարտի 18-ին Եվրոպական խորհրդարանի, Եվրախորհրդի, Եվրոպական տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի և շրջանների հանձնաժողովի կողմից ներկայացվել է «Արևելյան գործընկերության (ԱԼԳ) քաղաքականությունը 2020 թվականից հետո» համատեղ փաստաթուղթը, որում ներկայացված է ԱԼԳ ծրագրի համար Եվրոպական միության նոր, երկարաժամկետ քաղաքականությունը 2020 թվականից հետո և սահմանված են այդ քաղաքականությունից բխող միջոցառումները։

«Լույս» հիմնադրամի փորձագիտական խմբի կողմից ներկայացվել է վերլուծություն, որում անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության ապագա ծրագրի շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին և վերջիններիս համատեքստում ՀՀ իշխանությունների կողմից ակնկալվող քայլերի արդյունավետությանը։

Ինչպես ակնկալվում էր՝ ԵՄ-ն այսուհետ ևս ԱԼԳ քաղաքականության շրջանակներում շեշտը դնելու է «Ավելին՝ ավելիի դիմաց, ավելի քիչ՝ քչի դիմաց» սկզբունքի վրա, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին ԱԼԳ երկրների նկատմամբ ԵՄ-ն իր քաղաքականությունը պայմանավորելու է այդ երկրներում իրականացվող բարեփոխումների արդյունավետության և գրանցված առաջընթացի հետ։ Ինչ վերաբերում է ԱԼԳ երկրներից յուրաքանչյուրի հետ հետագա համագործակցության բնույթին՝ առաջարկվում է շեշտը դնել երկկողմ համագործակցության ձևաչափերի վրա և կիրառել «հարմարեցված քաղաքականության» մոտեցումը, ինչը ենթադրում է, որ ԱԼԳ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցությունը հարմարեցվելու է տվյալ երկրի շահերի, հավակնությունների և գրանցած առաջընթացի հետ։

2020 թվականից հետո Արևելյան գործընկերության համար առաջարկվում են 5 երկարաժամկետ նպատակներ, որոնցից հատկապես ուշագրավ են առաջին 2 ուղղությունները։ Այսպես՝

 1 Գործընկերություն, որը ստեղծում Է. Միասին՝ հանուն ճկուն, կայուն և ինտեգրված տնտեսությունների։

Չնայած Հայաստանի Հանրապետության անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ Հայաստանը պետք է փորձի անմասն չմնալ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացման նոր հնարավորություններից։ Փաստաթղթում նշվում է, որ քաղաքացիների ակնկալիքներն արդարացնելու տեսանկյունից տնտեսության ամրապնդումն ամենակարևոր նշանակությունն ունի։ Հետևաբար, ԱԼԳ նոր քաղաքականության առաջնահերթություններից մեկն է համարվում ԵՄ և գործընկեր երկրների միջև առևտրի աճն ու վերջիններիս տնտեսությունների տարածաշրջանային և երկկողմ ինտեգրման հետագա խորացումը։ Այստեղ ուշագրավ է, որ շեշտը դրվում է Ասոցացման համաձայնագիրը ստորագրած 3 երկրների հետ տնտեսական ինտեգրման խորացման վրա։ Այս երկրների համար նախատեսվում է աստիճանաբար և ոլորտային ինտեգրում ԵՄ տնտեսությանը։

Նշվում է, որ ԵՄ-ն փորձելու է աջակցել ԱԼԳ երկրների տնտեսական բարեփոխումներին՝ Արտաքին ներդրումների պլանի և Կառուցվածքային բարեփոխումների մեխանիզմի միջոցով։ Հաշվի առնելով Հայաստանում օտարերկրյա ներդրումների հետ կապված խնդիրը՝ ԵՄ կողմից առաջարկվող գործիքակազմից ճիշտ օգտվելու դեպքում հնարավոր է որոշակի մեղմել առկա մտահոգիչ իրավիճակը։

ԵՄ կողմից ներկայացված փաստաթղթում մասնավորապես կարևորվում է համագործակցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում՝ TEN-T նախաձեռնության շրջանակներում, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում։ Ուշագրավ է Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության շրջանակներում Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) հատուկ շեշտադրումը և այդ ծրագրի կարևորության ընդգծումը։ Ակնհայտ է, որ ԵՄ կողմից որդեգրված նոր, ավելի իրատեսական քաղաքականությունը հաշվի է առնելու երկկողմ ձևաչափում առկա տարբեր բաղադրիչներ, և ՀԳՄ առկայությունը կարող է Ադրբեջանին որոշակի դիրքային առավելություն տալ։ Միաժամանակ, Հայաստանը կարող է օգտվել ԱԼԳ շրջանակներում ԵՄ կողմից առաջարկվող այնպիսի աջակցությունից, որի նպատակն է գործընկեր երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդումը, մասնավորապես՝ աջակցությունը վերականգնվող էներգիայի, էներգախնայողության ոլորտներում։

2Գործընկերություն, որը պաշտպանում Է. Միասին՝ հանուն հաշվետու հաստատությունների, օրենքի գերակայության և անվտանգության։

Այս ուղղությամբ առաջարկվող քաղաքականության շրջանակներում ի թիվս այլոց, կարևորվում է նաև աջակցությունը հակամարտություններից տուժած բնակչությանը։ Ադրբեջանը կարող է պարբերաբար բարձրաձայնել իր փախստականների հետ կապված խնդիրները և, օգտագործելով Վրաստանում ու Ուկրաինայում առկա հակամարտությունների պարագայում ԵՄ ավանդական աջակցությունը տարածքային ամբողջականության սկզբունքին, փորձել ավելի բարենպաստ դիրքավորում ապահովել։ Չնայած ներկայացված նոր քաղաքականության մեջ ԵՄ-ն խուսափել է հակամարտությունների կարգավորման սկզբունքների շուրջ ընտրովի մոտեցումից, ամեն դեպքում հարկավոր է լուրջ աշխատանք տանել, որպեսզի այսուհետ նույնպես ԵՄ-ն շարունակի պահպանել ԼՂ հակամարտության վերաբերյալ տարբերակված մոտեցումը։ Միաժամանակ, հարկավոր է փորձել հակամարտություններից տուժած բնակչության աջակցության շրջանակներում հասնել ԵՄ կողմից Արցախի բնակչությանը և Ադրբեջանից արտագաղթած հայ փախստականներին աջակցության ապահովմանը։

Անդրադառնալով դատական բարեփոխումներին՝ փաստաթղթում նշվում է, որ ԱԼԳ երկրներում դրանք իրականացնելիս պետք է հավատարիմ մնալ եվրոպական սկզբունքներին։ Կարևորվում է նաև դատական և քննչական համակարգերի անկախությունն ու հաշվետվողականությունը։ Նշվում է, որ ԵՄ-ն խրախուսելու է այդ բարեփոխումների ընթացքում միջազգային ինստիտուտների և փորձագետների աջակցությունը, ինչպես նաև հետևելու է, որ բարեփոխումները հիմնված լինեն բարձրորակ բարեփոխումային ռազմավարությունների վրա։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ ԵՄ-ն չի խրախուսելու դատական համակարգի նկատմամբ անտրամաբանական և հապճեպ միջամտությունները, միջազգային կառույցների տեսակետներն անարձագանք թողնելու փորձերը։

Թեև վերոհիշյալ փաստաթղթում կոնկրետ չի նշվում, թե ԱԼԳ ծրագրի զարգացման մոդելը ինչպիսի առանձնացված մոտեցում է նախատեսում Ասոցացման համաձայնագիրը ստորագրած և չստորագրած երկրների համար, այնուամենայնիվ, փաստաթղթում ուրվագծված քաղաքական առաջնահերթություններից նկատելի է դառնում, որ շեշտը դրվելու է ասոցացված երեք երկրների նկատմամաբ առանձնահատուկ քաղաքականության վրա։ Այսպես կոչված «Եռյակը» (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) առաջիկա տարիներին ԵՄ կողմից առանձնահատուկ վերաբերմունքի է արժանանալու, իսկ Հայաստանը կարող է Ադրբեջանի և Բելառուսի հետ միասին հայտնվել ԱԼԳ երկրների ոչ ցանկալի «զամբյուղում»։ Միաժամանակ, հաշվի առնելով նաև «Ավելին՝ ավելիի դիմաց, ավելի քիչ՝ քչի դիմաց» մոտեցումը, ԱԼԳ անդամ երկրներից յուրաքանչյուրը պետք է անհատական ջանքեր գործադրի ասոցացված «Եռյակից» չկտրվելու և ԱԼԳ շրջանակներում «առաջապահների» շարքում մնալու նպատակով։

Քանի որ ԵՄ-ն առաջիկա տարիներին ԱԼԳ շրջանակներում համագործակցության հարցում շեշտը դնելու է երկկողմ ձևաչափի վրա, կարևոր է այդ ձևաչափում ԵՄ տարբեր կառույցների հետ արդյունավետ շփումները պահպանելը։ Հարկավոր է նաև մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ի տարբերություն Ասոցացման  համաձայնագիրը չստորագրած մյուս երկրների՝ Ադրբեջանի ու Բելառուսի, առնվազն ապահովվի Հայաստանի նկատմամբ տարբերակված մոտեցումը, հետևաբար՝ նաև համագործակցության ավելի լայն օրակարգը։

ԵՄ կողմից առաջիկա տարիներին ավելի է կարևորվելու ԱԼԳ երկրների հետ համագործակցությունը հատկապես էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։ Նախ հարկավոր է չեզոքացնել Հարավային գազային միջանցքի շնորհիվ ԱԼԳ շրջանակներում քաղաքական առավելություն ստանալու Ադրբեջանի հնարավոր փորձերը։ Միաժամանակ պետք է ակտիվ աշխատանք տարվի, որպեսզի ԱԼԳ գործիքները խելամտորեն օգտագործվեն՝ ՀՀ-ում մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի համար ֆինանսատեխնիկական աջակցություն ապահովելու նպատակով։

Դեռ հստակեցված չեն ԱԼԳ քաղաքականության իրագործման մեխանիզմներն ու ֆինանսական բազմամյա շրջանակը, ինչը նշանակում է, որ ԱԼԳ շրջանակներում ՀՀ-ի համար նախատեսվող աջակցության ուղղություններն ու ֆինանսավորումը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Հաշվի առնելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու փաստը՝ պետք է փորձել ԱԼԳ ֆինանսական գործիքները ավելի հասանելի դարձնել Հայաստանի համար՝ առաջին հերթին ներդրումների ու ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։ Միաժամանակ ՀԸԳՀ-ի վավերացումը ԵՄ բոլոր երկրների կողմից՝ նախքան հունիսին կայանալիք գագաթնաժողովը, կարող է Հայաստանի համար լրացուցիչ բանակցային առավելություն ապահովել։

ԱԼԳ ծրագրի 2020-ից հետո նոր ռազմավարության շրջանակներում ՀՀ-ի համար ավելի նպաստավոր պայմաններ ապահովելու հարցում կարող են խոչընդոտներ ստեղծել նաև երկրում առկա իրավիճակը քաղաքական, դատաիրավական ասպարեզներում։ Ժողովրդավարական զարգացման ուղուց ՀՀ իշխանությունների կողմից ցանկացած շեղում ԵՄ երկրների կողմից կարող է գնահատվել որպես հետընթաց, ինչը բնականաբար բացասական ազդեցություն կունենա ԱԼԳ շրջանակներում ՀՀ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի վրա։ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների, Վենետիկի հանձնաժողովի, մի շարք ազդեցիկ եվրոպական քաղաքական ուժերի կողմից վերջին շրջանում բարձրաձայնվող մտահոգությունները առաջին ազդակներն էին։ Այժմ այս մոտեցումը ամրագրված է նաև ԱԼԳ վերաբերյալ ԵՄ նոր քաղաքականության մեջ, հետևաբար հարկավոր է հնարավորինս խուսափել այս ուղղությամբ նոր սխալներից և փորձել շտկել նախկինները։

Ի տարբերություն Ադրբեջանի և Բելառուսի՝ Հայաստանի հանդեպ տարբերակված մոտեցման կարևոր արտացոլումը կարող է լինել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի արագ մեկնարկը և տրամաբանական ավարտը։ Հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի այն տեղի ունենա առնվազն ԱԼԳ հերթական գագաթնաժողովի ժամանակ։ Սա նաև թույլ կտա որոշակի ստվեր գցել ԵՄ-Ադրբեջան սպասվող համաձայնագրի վրա։

Ընդհանուր առմամբ ԵՄ կողմից ներկայացված այս նոր քաղաքականության վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՄ Արևելյան գործընկերությունը, որը ի սկզբանե շրջանառության մեջ էր դրվել որպես աշխարհաքաղաքական նախագիծ, աստիճանաբար տրանսֆորմացվում է եվրոպական իրական փափուկ ուժի (soft power): Նոր քաղաքականության մեջ ըստ էության ավելի քիչ տեղ է հատկացված աշխարհաքաղաքական բաղադրիչին, ինչը դրական հանգամանք է, քանի որ ՌԴ-Արևմուտք հնարավոր բախումների տեսանկյունից այն կարող է Հայաստանի համար ապահովել ավելի ճկուն միջավայր։

Հաշվի առնելով Կորոնավիրուսի համաճարակի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերները, որոնք գումարվել են մինչ այդ արդեն իսկ առկա բազմաթիվ այլ  խնդիրներին, ԵՄ-ը՝ ինքն էլ կանգնած է լուրջ ճգնաժամի առջև։ Այս համատեքստում, թե որքանով է իրատեսական ԵՄ կողմից ներկայացված փաստաթուղթը, այժմ դժվար է կանխատեսել։ Կարելի է միայն վստահաբար նշել, որ այս փաստաթուղթը առաջարկում է որոշակի հեռանկար, որի հետագա ճակատագիրը պարզ կդառնա միայն ԵՄ-ում և աշխարհում ստեղծված ճգնաժամի հաղթահարումից հետո։

«Լույս» հիմնադրամի փորձագիտական խումբ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ