Խոշորների հարկերը. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհ”-ը անդրադարձել է խոշոր հարկատուների վճարումներին:
Հայաստանում գործող հազար խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել շուրջ 326 մլրդ դրամ, ինչը կազմում է ընդհանուր հարկային եկամուտների գրեթե 67,5 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ խոշորների վճարած հարկերն ավելացել են 12,1 մլրդ դրամով (կամ 3,8 տոկոսով)։ Սա ավելի բարձր է, քան հարկային մուտքերի ընդհանուր աճը, որն առաջին կիսամյակում եղել է 3,4 տոկոս։
Վճարած հարկերի մեծությամբ Հայաստանի, այսպես ասած, գլխավոր հարկատուն դարձյալ “Գազպրոմ Արմենիան” է, որի վճարած հարկերը գրեթե 2,5 անգամ գերազանցում են խոշորների ցանկի երկրորդ ընկերության հարկային պարտավորություններին։ Տարեսկզբի առաջին վեց ամիսներին “Գազպրոմ Արմենիան” պետական բյուջե է փոխանցել ավելի քան 23,9 մլրդ դրամ։ Ընկերության վճարները նախորդ տարվա համեմատ ավելացել են 4,5 միլիարդով։ Աճը հիմնականում արտահայտվել է ներքին ցանցում սակագների բարձրացման հաշվին։
Խոշորներից երկրորդը դարձյալ “Ղ-Տելեկոմն” է, որը պետական բյուջե է փոխանցել ավելի քան 10,2 մլրդ դրամ։ Թեեւ առաջին եռամսյակի համեմատ ընկերության վճարները կտրուկ ավելացել են, այնուհանդերձ կիսամյակի արդյունքներով դրանք զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։ Ասենք, որ 2013թ. առաջին կիսամյակում “Ղ-Տելեկոմը” պետական բյուջե էր վճարել շուրջ 11,2 մլրդ դրամ։
Հեռահաղորդակցության ոլորտի մյուս խոշոր ընկերությունը՝ ի դեմս “ԱրմենՏելի”, պետական բյուջեի նկատմամբ կատարել է շուրջ 8,6 մլրդ դրամի պարտավորություն, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Դրական տարբերությունը հասնում է 1,1 միլիարդի։
Աճել են նաեւ “Օրանժ Արմենիայի” վճարած հարկերը։ Անցած տարվա համեմատ դրանք կրկնապատկվել են՝ կազմելով ավելի քան 2,4 մլրդ դրամ։ Լուրջ աճ է գրանցվել նաեւ հեռահաղորդակցության ոլորտի մեկ այլ ընկերության՝ “Յուքոմի” հարկային պարտավորություններում։ Ընկերությունը առաջին կիսամյակում պետական բյուջե է փոխանցել ավելի քան 1,4 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 680 միլիոնի դիմաց։
Խոշոր հարկատուներից երրորդը գործարար Ս.Ալեքսանյանին պատկանող “Ալեքս Գրիգ” ընկերությունն է։ Եթե առաջին եռամսյակում այս ընկերությունը պետական բյուջե էր վճարել 5,2 միլիարդ, ապա երկրորդում՝ 4,4 մլրդ դրամ։ Կիսամյակի արդյունքներով ընկերության պարտավորությունները կազմել են 9,6 մլրդ դրամ, ինչը 2,9 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։
Առաջին հայացքից սա լուրջ առաջընթաց է։ Սակայն դրա փոխարեն կտրուկ նվազել են նույն գործարարին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Սամ Սեր Գրուպի» պարտավորությունները։ Այն առաջին կիսամյակում բյուջե է փոխանցել շուրջ 1,7 մլրդ դրամ, ինչը 2,3 միլիարդով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Թե “Ալեքս Գրիգի” կատարած վճարների ավելացումը որքանով է կապված “Սամ Սեր Գրուպի” պարտավորությունների նվազման հետ, դժվար է ասել։ Ամեն դեպքում, երբ համադրում ենք Ս.Ալեքսանյանին պատկանող այս երկու ընկերությունների վճարած հարկերը, ստացվում է, որ դրանք ավելացել են 600 մլն դրամով։
Վճարած հարկերի մեծությամբ համեստ կարգավիճակում է հայտնվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն ընկերությունը՝ ի դեմս “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի”։ Այն պետական բյուջեի նկատմամբ կատարել է 6 մլրդ դրամի պարտավորություն։ Թվում է՝ փոքր գումար չէ, բայց առնվազն կրկնակի պակաս է նախորդ տարվանից։ 2013թ. առաջին կիսամյակում ընկերությունը պետական բյուջե էր փոխանցել 12,8 մլրդ դրամ՝ հանդիսանալով Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն։
Ի դեպ հայրենական ապրանք արտադրողներից խոշորների առաջին տասնյակում է “Գրանդ-Տոբակոն”։ Ինչպես այս, այնպես էլ “Գրանդ Հոլդինգում” ընդգրկված մյուս ձեռնարկությունները շարունակում են առաջնային դիրք զբաղեցնել վճարած հարկերի մեծությամբ։
Առաջին կիսամյակում “Գրանդ Տոբակոն” կատարել է 4 մլրդ 563 մլն դրամի հարկային պարտավորություն, ինչը գրեթե կրկնակի գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ցանկի երկրորդ տասնյակում է գտնվում “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը”։ Այս ընկերությունը պետական բյուջե է վճարել 2 մլրդ 919 մլն դրամ։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: