Ես Աստվածն եմ, առաքյալներս են դավաճան
Այ հենց այս թեզն են արդեն շուրջ երկու տարի ներարկում ժողովրդի մեջ։ Պետք է ընդունեմ, որ բավականին մեծ թվով մարդկանց այն լիովին բավարարում է։ Արդյունքում ստանում ենք այլ թեզեր. ինչ մեղք է մեր Նիկոլը, մենակով երկիրն է փորձում զարգացնել, խեղճ Նիկոլը կրակն է ընկել իր աշխատողների ձեռքը և այլն։ Իրականում մենք գործ ունենք իր վրա որևէ պատասխանատվություն վերցնելուց հրաժարվող մարդու հետ, որը պատասխանատու է միմիայն իր անձնական PR-ի համար, մնացածն իր մեղքը չէ։
Ծագում է մեկ շատ պարզ հարց. եթե կադրերն այդքան վատն են, ապա ինչո՞ւ եք Հայաստանի պատմության մեջ չլսված պարգևավճարներ շռայլում բոլորին։ Միգուցե դա էլ իրե՞նց փայն է թալանված և մխսված բյուջեի, միգուցե։
Եվ ի՞նչ ունենք արդյունքում՝ աշխատակազմից կոնստանտ բողոքող, նրան դավաճան համարող վարչապետ և յուրաքանչյուր ամիս պարգևավճարներ ստացող դավաճանների մի մեծ բանակ։ Այսինքն՝ կարող ենք փաստել, որ վարչապետն իրականում դժգոհ չէ, քանզի յուրաքանչյուր ամիս բաժանում է հարյուրավոր միլիոն դրամներ հենց այդ «վատ աշխատող» մարդկանց։ Իսկ բողոքը կրում է միայն մանիպուլյացիոն բնույթ՝ մեղքը իր վրայից այլոց վրա գցելու արվեստը։
Մի կողմ դնենք այն փաստը, կրկնում եմ՝ փաստը, որ այս կառավարությունը չի իրականացրել որևէ դրական քայլ, որևէ, և ջանասիրաբար շարունակել է նախորդ իշխանության քայլերի իրագործումը։ Որպես միակ դրական փոփոխություն՝ կարելի է նշել ՀԴՄ կտրոնների տրամադրման նկատելի ավելացումը, բայց սա էլ շատ նորմալ է՝ հաշվի առնելով նոր իշխանության առկայությունը։
Երբ երկրում բան է փոխվում, մարդիկ, իրենցից անկախ, զգաստանում են, սակայն դա ևս կրում է ժամանակավոր բնույթ։ Ամեն օր հավաքագրված գումարների աճի մասին խոսող պաշտոնյաները մոռանում են նշել, որ այս տարվա հունվարից բարձրացրել է ծխախոտի և խմիչքների ակցիզային հարկը, և պարզից էլ պարզ է, որ դրամական մուտքերը պետք է ավելանային։
Ոչ մեկ չի խոսում զարգացման տեմպերի մասին, որոնք ապրել են անկումներ գրեթե բոլոր ոլորտներում։ Ոք ոչ չի ասում, որ բոլոր աշխատավարձերի բարձրացման մասին լուրերը պարզապես սուտ են, քանզի բարձրացրել են շատ քիչ թվաքանակով մարդկանց աշխատավարձ։ Մի խոսքով՝ սուտը ստի վրա։
Բայց դե մեր ժողովուրդը հանդուրժող է և դեռ ուշադիր նայում է, թե էլ ով է մեղավոր դրանում, որ իրենց կյանքը չի լավանում։ Իսկ մեղավորներ դեռ շատ կան։ Դեռ մի 2 տարի կարելի է էժանագին շինծու քրեական քրոնիկոններ ցույց տալ և անպայման ամեն ցուցադրման ժամանակ նշել, որ հենց այս մարդն է մեղավոր այն բանում, որ դուք լավ չեք ապրում։ Եվ կարևոր չէ, որ բան չի փոխվում, կարևոր է, որ կան մեղավորներ։
Արա Վարդանյան