“Խփել եմ, ընկել ա, գնացեք տեր կանգնեք”. 168 ժամ
Ըստ “168 ժամ”-ի, հունիսի 14-ին Կոտայքի մարզի Ակունք գյուղում սպանված Ֆիրդուս Մուրադյանի ընտանիքի անդամներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ նշելով, որ չեն հավատում դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Ըստ դատաբժշկական փորձաքննության, Ֆիրդուս Մուրադյանի մահն ի հայտ է եկել ինֆարկտի հետեւանքով, այլ ոչ թե սպանության: Գործի նախաքննությունը ստանձնած քննիչը սպանված 59-ամյա Ֆիրդուս Մուրադյանի ընտանիքի անդամներին (ինչպես նշեց Ֆիրդուս Մուրադյանի հարսը՝ Հրարփի Աղաբեկյանը) բանավոր հայտնել է, որ սպանության մեղադրանքով կասկածվող եւ ձերբակալված Ավգուստին Աբրոյանը, հնարավոր է, ազատ արձակվի:
Թերթը հիշեցնում է, որ օրերս Կոտայքի մարզի Ակունք գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու շրջակայքում սպանվել է հայտնի հնագետ, Հայաստանի ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի վաղ բրոնզե դարի բաժնի աշխատող Ֆիրդուս Մուրադյանը: Ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից թերթի թղթակիցը խնդրեց պարզաբանել, թե ինչպե՞ս է օպերատիվ խումբը տեղում արձանագրել սպանություն, որը, սակայն, հետո որակվել է՝ իբրեւ ինֆարկտ, մեզ պատասխանեցին, որ դատաբժշկական փորձաքննությունը դեռեւս վերջնական չէ, ընտանիքը պահանջել է երկրորդ փորձաքննությունը, որից հետո արդեն ամեն ինչ հայտնի կդառնա:
Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ Ավգուստին Աբրոյանը շարունակվում է ձերբակալված մնալ, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ֆիրդուս Մուրադյանի հարսը թերթի հետ զրույցում նաեւ հայտնեց, որ սպանությունն իրականացնելուց հետո Ավգուստին Աբրոյանը զանգահարել է Ֆիրդուս Մուրադյանի գործընկերներից մեկին (գործընկերոջ անունը հայտնի է ընտանիքին) եւ ասել. “Խփել եմ, ընկել ա, գնացեք տեր կանգնեք”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: