Մենք ոչ մի դեպքում չենք նահանջելու, անիմիաստ փորձեր են անում
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ևս մեկ աշխատակից քննչական կոմիտեից ծանուցագիր է ստացել ՔԿ-ի վարույթում քննվող քրեական գործով որպես վկա հարցաքննվելու համար ներկայանալու վերաբերյալ։ «Հրապարակի» հետ զրույցում կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանն ասաց, որ ոչ թե իրեն, այլ կենտրոնի աշխատակից Էդուարդ Գալստյանին են հրավիրել, նա կենտրոնի 4-րդ աշխատակիցն է, որին հրավիրում են ՔԿ՝ իրենց հետ կապ չունեցող գործերի շրջանակներում․
«Լրատվամիջոցները սխալ են հասկացել, ինձ չեն կանչել, մեր աշխատակից Էդուարդ Գալստյանին են կանչել, մեր կենտրոնի աշխատակից է։ Գաղափար չունենք այս պահին, թե ինչի համար են կանչել։ Նախկինում էլ մեր մյուս աշխատակիցներին են կանչել, իրենց հետ առնչություն չունեցող ինչ-որ գործերով, ինչ-որ հյուրատան վաճառք կամ եսիմինչ, որոնց հետ իրենք ընդհանրապես առնչություն չունեն։ Հիմա էլ անհասկանալի պատճառներով Էդուարդ Գալստյանին են կանչել»։
ԵՊՀ ղեկավարությունը՝ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ, ցանկանում էր լուծարել ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, սակայն Վարագյանը դիմել էր դատարան։ Հարցրինք, թե ինչ ընթացք ունեցավ գործը, և արդյոք այս ծանուցագրերը կապվա՞ծ են կենտրոնը լուծարելու գործընթացի հետ:
Վարագյանին հարցրինք նաև, թե ռեկտորի մոտակա ընտրություններում ինքը որևէ ազդեցություն ունի՞՝ նկատի ունենալով, որ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենն է, իսկ հոգաբարձուների խորհրդի կազմում կան նաև ուսանողներ։ Հնարավո՞ր է, որ ընտրություններից առաջ փորձում են ինչ-որ բան հասկացնել:
«Երբեմն նման խոսակցություններ լինում են։ Ես ազդեցություն ունեմ այնքանով, որ ճանաչում եմ այն ուսանողներին, որոնք հոգաբարձուների խորհրդի անդամ են, ճանաչում եմ նաև դասախոսներին, որոնք հոգաբարձուների խորհրդի անդամ են։ Ֆորմալ առումով որևէ ազդեցություն կամ որևէ այլ լծակներ չունեմ ես։ Ես ուզում եմ չհավատալ, որ այս ամենը կապ ունի ռեկտորի ընտրությունների հետ, բայց կան մարդիկ, որոնք հավատացնում են, որ այս ողջ պրոցեսը․․․ որովհետև հոգաբարձուների խորհրդի նիստին ընդառաջ են լինում նմանատիպ ծանուցումները։ Մեր մյուս աշխատակիցներին մեկուկես տարի առաջ էլի կանչել էին, երբ ուզում էին Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնել։ Եթե այս դեպքերն իրար կողք շարենք և համադրենք, գուցեև ստացվի այնպես, որ, այո, հոգաբարձուների խորհրդի նիստից առաջ փորձում են ինչ-որ ճնշումներ գործադրել այն մարդկանց վրա, ովքեր աշխատում են ուսանողների հետ։ Բայց նորից եմ կրկնում, մենք ոչ մի դեպքում չենք ընկրկելու, անիմաստ փորձեր են կատարում, ոչ մի բան չի փոխվելու»։
Կորյուն Սիմոնյան
hraparak. am