Արդեն հարուցված է քրեական գործ, և ձերբակալված անձինք կան. Կոստանյանը՝ Քարվաճառի դիվերսանտներից /վիդեո/
՛՛Դա ԼՂՀ տարածքն է և ՀՀ իրավապահ մարմինները չունեն որևէ իրավասություն, ինչքանով ես տեղյակ եմ արդեն հարուցված է քրեական գործ այդ փաստի կապակցությամբ, և ձերբակալված անձինք կան՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀՀ գլխավոր դատախազությունը ինչ քայլեր է ձեռնարկելու ՀՀ-ում հայտնված դիվերսանտների հետ կապված:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե այդ դիվերսանտը տարիներ շարունակ ՀՀ-ում առևտրով է զբաղվել, ապա գլխավոր դատախազը նշեց, որ նման տեղեկության չի տիրապետում. ՛՛Կարծում եմ՝ այդ բոլոր հարցերի պատասխանները ԼՂՀ-ում իրականացվող նախաքննության ընթացքում վստահաբար կպարզվեն՛՛:
Հարցին, թե ըստ նրա, արդյոք Ադրբեջանին կհաջողվի՞ ՀՀ-ում ձերբակալված անձանց որպես ռազմագերի ներկայացնել, Կոստանյանը պատասխանեց. ՛՛Եթե չեմ սխալվում ԼՂՀ-ը դեռևս 2001 թվականին վավերացրել է պատերազմի չորս կոնվենցիաները. վստահ եմ, որ ԼՂՀ իրավապահ մարմինները կարողացել են հստակ տարանջատել՝ որն է գերի, որն է ռազմական հանցագործ, վստահ եմ, որ ճիշտ իրավական գնահատական կտրվի՛՛,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Քարվաճառի ուղղությամբ օրեր առաջ դիվերսիոն գործողություններ էին իրականացվել հակառակորդի կողմից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: