24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«ԱԱԾ-ն գտել է սատանային, հասկանալի պատճառներով՝ չի հրապարակում անունը». Մարգարիտ Եսայան

Հայաստանում երեկ տեղի ունեցավ հերթական խայտառակությունը, և երկու տարի անընդմեջ երկրում ընթացող հակապետական զարգացումները հասան իրենց կուլմինացիային, իսկ իշխող ուժը թաղեց և՛ ժողովրդավարությունը, և՛ մարդու իրավունքները։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Նախկին պատգամավորի համոզմամբ՝ օրվա իշխանության ղեկը ստանձնած անձը, սակայն, այսքանով չի սահմանափակվելու և շարունակելու է նույն ոճով և բառապաշարով իր գործունեությունը։

«Շարունակելու է այնքան, քանի դեռ հասարակության առողջ մտածող հատվածը չի մերժել այն անձին, որը պետությունը տանում է կործանման։ Ամենևին չմտածեք, որ ես՝ լինելով նախկին ուժի անդամ, այլ մտածմունք ունեմ, ո՛չ, ես սառնասրտորեն եմ գնահատում իրավիճակը և փաստում, որ երեկ մեր երկիրը խայտառակ եղավ, քանի որ նա (Նիկոլ Փաշինյանը,- Ա.Ս.) սառնասրտորեն իրականացնում է իր մոլագար ցանկությունը և երկիրը վարի է տալիս։ Ցավալի է, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չհակադարձեցին այս ամենին, իհարկե՛, բացառություն կազմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա շատ լավ դաս տվեց վարչապետին։ Եթե ավելի վաղ ասել էի, որ Մարուքյանի հետ ես կռիվ չեմ գնա, ապա հիմա կնշեմ՝ երեկվա Էդմոն Մարուքյանի հետ ես կռիվ կգնամ, որովհետև երեկ նա այլ բան ցույց տվեց»,- ասաց Մարգարիտ Եսայանը։

Հանրապետական նախկին պատգամավորը, ում համոզմամբ՝ իրենք արդեն վճարել են իրենց կատարած բոլոր ձախողումների համար՝ իշխանությունը հանձնելով Նիկոլ Փաշինյանին, վստահեցնում է՝ 2018 թվականից հետո երկրում ընթացող բոլոր զարգացումների միակ պատասխանատուն Փաշինյանն ու իր թիմն են։

«Երբ անընդհատ ասում են, որ՝ սա կամ այն հանուն ժողովրդի ենք անում, իրենք քողարկում են իրենց բռնապետական նկրտումներն այդ ժողովրդի անվան տակ, պատահական չէ, որ բոլոր ֆաշիստական գործողությունները պատմության ընթացքում տեղի են ունեցել հենց ժողովրդի անունից»,- ընդգծեց Եսայանը։

Վերջինը վստահեցնում է՝ կառավարության ղեկավարն ունի հոգեբանական և մարդկային շեղումներ, իսկ դա ակնհայտ երևաց այն ժամանակ, երբ կառավարության նիստի ժամանակ նա հրահանգեց ԱԱԾ-ին գտնել սատանային։

«Ես մի հայտարարություն եմ ուզում անել. դա իմ անձնական համոզմունքն է։ Կարծում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունը գտել է սատանային, դա ՀՀ այսօրվա վարչապետն է, նրա մեջ է գտել, պարզապես, հասկանալի պատճառներով՝ չի հրապարակել»,- ասաց Եսայանը։

Խոսելով ՍԴ նախագահից և ՍԴ մյուս 6 անդամներից ազատվելու մասին նախագծի վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության  տված քաղաքական գնահատականի մասին՝ Եսայանը նշեց, որ իր համար անակնկալ չէր ԲՀԿ-ի պահվածքը, քանի որ այդ կուսակցությունն իրեն այդպես է պահել նաև այն ժամանակ, երբ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի կազմում էր։

Ընդունելով հանդերձ, որ ՀՀԿ-ում կային բիզնեսմեն գործարարներ՝ Եսայանը պնդեց՝ անգամ իրենց իշխանության տարիներին վստահ է եղել, որ դա սխալ է, և բիզնեսմեններն իրավունք չունեն լինել խորհրդարանում, ինչով կաշկանդված էլ ԲՀԿ-ն  նախընտրեց չքվեարկել, իսկ ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, ապա Եսայանը հիացած է  ԼՀԿ-ի հասցրած արժանի հակահարվածով։

Նախկին պատգամավորը վստահ չէ, որ հանրաքվե, այդուամենայնիվ, լինելու է, և խորհուրդ է տալիս սպասել։

«Լուրջ կասկածներ ունեմ՝ այս օրենքն արդյո՞ք Արմեն Սարգսյանը կստորագրի։ Այն, որ նախագահ Սարգսյանը չստորագրեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը, ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ այստեղ տեղի են ունենում խորքային գործընթացներ։ Եթե հանրաքվեն տեղի ունենա, և եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թվեր չնկարի, կարծում եմ՝ անհրաժեշտ ձայների թիվը չեն հավաքի՝ հաշվի առնելով, որ օրվա իշխանության վարկանիշն անկում է ապրել»,- ասաց Եսայանը՝ շեշտելով, որ իշխանության լեգիտիմություն ասվածը շատ հարաբերական է, և պետք չէ մոռանալ, որ 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 40 տոկոսը, որից էլ Փաշինյանի թիմը ստացել է 70 տոկոս ձայն, իսկ եթե սրան ավելացնում ենք այն, որ ներդրումներ Հայաստանում չեն լինում, ապա ակնհայտ է, որ անհրաժեշտ ձայները հավաքելը լուրջ խնդիր է լինելու։

Մարգարիտ Եսայանի համար Կառավարության ղեկավարը հերթական անգամ իր գործելաոճով ապացուցում է, որ դրսևորում է ընդամենը քաղաքական չտեսություն՝ ամեն ինչ իր ձեռքում պահելու համար։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ այդ դեպքում Փաշինյանին չեն անհանգստացնում իրենց՝ նախկինների ժամանակ պաշտոններ ստացած մի շարք պաշտոնյաներ՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, Վիճակագրական կոմիտեի ղեկավար Ստեփան Դանիելյան և այլք, Մարգարիտ Եսայանը պատասխանեց.

«Այդ ցանկը երկար է,  իսկ թե ինչո՞ւ նրանք չեն անհանգստացնում Փաշինյանին, ապա դրա համար կա ընդամենը մեկ պատճառ. կարող եմ ենթադրել, որ նրանք «վնգստում են» այնպես, ինչպես ցանկանում է այսօրվա վարչապետը»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ