՛՛Գործընկերները դատարանից նեղանում են…՛՛
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/gagik_harutyuny_1405079979.jpg)
Լոռու մարզպետարանում այսօր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման քննարկման ժամանակ ՎՊՄՀ-ի դասախոս Արև Հովհաննիսյանը հետաքրքրվեց ՍԴ նախագահ ու սահմանադարական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանից, թե ինչու է նախատեսվում դատական եռաստիճան համակարգը դարձնել երկաստիճան:
Գագիկ Հարությունյանն արձագանքեց, որ դա վերջնական որոշում չէ դեռևս, ընդամենը ներկայացված տարբերակներից մեկն է՝ մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Նա շեշտեց, որ այսօր դատական համակարգում մի շարք խնդիրներ կան, մարդիկ մտածում են, որ եթե իրենց խնդիրը չի լուծվում առաջին ատյանի դատարանում, ապա կլուծվի Վերաքննիչում, Վճռաբեկում: ՛՛Մարդիկ չեն տարբերակում, որ սրանք տարբեր ինստիտուտներ են. հիմնական արդարադատությունն իրականացվում է առաջինում, սակայն այս վիճակն օբյեկտիվորեն է ստեղծվել: Գործընկերները դատարաններից նեղանում են, որ ես սա ասում եմ, բայց ես ոչ թե գնահատական եմ տալիս, այլ փորձում ենք վերլուծել՛՛,-նշեց նա:
Ըստ բանախոսի՝ այստեղ լուծման արմատը բոլոր՝ երեք ատյանների դատարանների գործառույթների հստակեցումն է, որ արդարադատություն իրականացվի, ոչ թե ունենանք դատարաններ, բայց արդարադատություն չլինի: