Մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին. Սերժ Սարգսյան. Tert.am
Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել արգենտինյան La Nacion պարբերականին։ Tert.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ Նախագահն ասել է, որ Հարավային Ամերիկա կատարած իր այցի նպատակը տարածաշրջանային համերաշխության ամրապնդումն է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որը նշվելու է 2015թ.-ի ապրիլին։ ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը շատ է մտահոգվում, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին։ ՛՛Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը՛՛,– ասել է նա։
-Պարո՛ն նախագահ, իսկ հրավիրվա՞ծ է արդյոք այդ միջոցառմանը Թուրքիայի նախագահը։ Դրա համար կա՞ն անհրաժեշտ պայմանները։
– Նախ և առաջ, սկզբի համար, վատ չէր լինի իմանալ, թե ով է լինելու Թուրքիայի հաջորդ նախագահը։
-Կարծես նախագահական ընտրություններում հաղթելու համար ավելի մեծ շանսեր ունի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը…
– Հնարավոր է, սակայն եկեք չշտապենք և սպասենք ընտրության արդյունքներին։
– Թուրքիան, և այդ մասին բազմիցս հայտարարել է Էրդողանը, շարունակում է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Կարո՞ղ է արդյոք Էրդողանի նման խիստ կեցվածքը հանգեցնել այն բանին, որ նրան չհրավիրեն։
– Թուրքիան պնդում է, որ մենք բացենք արխիվներն ու Հայոց ցեղասպանության մասին կոնկրետ փաստեր ներկայացնենք։ Մենք կցանկանայինք հրավիրել Թուրքիայի նախագահին և հնարավորություն տալ սեփական աչքերով տեսնել այն հարյուր հազարավոր մարդկանց, որոնք գալու են Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հնարավոր է, երբ նա այդ ամենը տեսնի, այլ ապացույցների կարիք չի լինի։
– Տեսակետ կա, որ այժմ Թուրքիայում այս պահին ազգայնականությունն է զարթոնք ապրում։ Դա հատկապես զգալի է դարձել նախընտրական քարոզչության ընթացքում։ Արդյո՞ք դա կկարողանա պատճառ դառնալ Թուրքիայի և Հայաստանի՝ առանց այն էլ լարված հարաբերությունների սրացման համար։
– Կցանկանայի հիշեցնել, որ մենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Իսկ եթե դրանք չկան, ապա ի՞նչ կերպ պետք է վատանան մեր հարաբերությունները։
– Լավ, ուրեմն փորձեմ հարցս փոքր-ինչ այլ կերպ ձևափոխել. Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, իսկ Անկարան, անխոս աջակցում է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։
– Սակայն մենք որևէ լարված իրավիճակ չունենք Հայաստանի և Թուրքիայի սահմանին։ Ծայրահեղ դեպքում՝ քաղաքական։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում,այո՛, կա լարվածություն, սակայն դա Ադրբեջանից է գալիս։ Մինսկի խմբի երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն առաջարկում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք։
-Այո՛, բայց անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը սպառնացել էր գրավել Երևանը, եթե Հայաստանը չվերադարձնի Լեռնային Ղարաբաղը։ Այս պահին իրավիճակն ավելի մոտ է պատերազմի՞ն, թե՞ խաղաղությանը։
– Մենք չենք բացառում ռազմական գործողությունների սկսվելու հնարավորությունը։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանը նման գործողությունների հնարավորություն չունի։ Նա իրոք մեծ գումարներ է ծախսում ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու համար, սակայն դա հաղթանակ չի երաշխավորում։
-Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ձգտումը, որը գլխավորում է Ռուսաստանը, պայմանավորվա՞ծ է արդյոք հնարավոր ագրեսիայից Հայաստանը պաշտպանելու համար ուժեղ դաշնակցի որոնումներով։
-Այն, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նոր փաստ չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության անդամ ենք դարձել, և այս տարիների ընթացքում Ռուսաստանի հետ համագործակցության տասնյակ համաձայնագրեր ենք կնքել։
-Այո՛, բայց Ռուսաստանը վերջին շրջանում Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք է մատակարարել …
-Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ և ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: