24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ես վստահ եմ, որ շուտով ինձ կրկին ապօրինի կկալանավորեն». Բաց նամակ Արմեն Սարգսյանին

Պարոն նախագահ

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դուք պետք է հետևեք Սահմանադրության պահպանմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք օրվա ընթացքում երեք անգամ խախտեց Սահմանադրության 66-րդ հոդվածը` անմեղության կանխավարկածը: Յուրաքանչյուր անգամ վարչապետ Փաշինյանը խախտեց այն է°լ ավելի կոպտորեն: Մասնավորապես, եթե առաջին խախտման ժամանակ ինձ հռչակեց պաշտոնեական կեղծիք կատարող, ապա երկրորդ անգամ դրան միացրեց ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու մեղքը, իսկ վերջում հայտարարեց, որ իմ կողմից կատարված հանցանքն այլևս դուրս է անմեղության կանխավարկածով պաշտպանվելու Սահմանադրական երաշխիքից ու այլևս փաստ է։
Ենթադրելով, որ զբաղվածության հետևանքով չեք հասցրել ծանոթանալ երկրի աննախադեպ քրեական գործի ընթացքին և թե ինչի մասին է խոսքը, կարճ կներկայացնեմ ստորև:

Այսպես, ինձ Հատուկ քննչական ծառայությունում (այսուհետ՝ ՀՔԾ) նախ որպես կասկածյալ ապօրինի ձերբակալեցին (ապօրինությունը հաստատվել է դատական ակտով) քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, ըստ որի` իբր ես թույլ եմ տվել պաշտոնեական կեղծիք, այնուհետև, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեղադրանք առաջադրեցին նույն օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իբր ես օժանդակել եմ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Այդ անհեթեթ մեղադրանքով ինձ ապօրինի կալանավորեցին (ապօրինությունը կրկին հաստատվել է դատական ակտով), որի հետևանքով ես 22 անցկացրեցի բանտում՝ ստանալով քաղաքական բանտարկյալի կարգավիճակ:

Հետո, երբ քաղաքական իշխանությունն արդեն նույնիսկ միջազգային գործընկերների մոտ խայտառակվեց, քաղաքական որոշմամբ ինձ ազատ արձակեցին: Դրան հաջորդեց ՀՔԾ-ի կողմից քրեական գործի նախաքննության ավարտ հայտարարելը և գործը մեղադրական եզրակացության հաստատման համար հսկող դատախազին ուղարկելը: Մի քանի օր անց գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ՀՔԾ-ում թերի է քննվել գործը, որ ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեն իմ կողմից հանցավոր արարք կատարելու մասին, և գործը վերադարձրեց ՀՔԾ՝ նոր քննություն անցկացնելու պահանջով:

Այսինքն, գլխավոր դատախազությունն իր հսկողության սահմաններում ստուգեց և փաստեց, որ նույնիսկ նախաքննության ըթնացքում իմ մեղքը չի ապացուցվում:

Իսկ իրականում քրեական գործի նյութերը վկայում են, որ հանցադեպն է բացակայում:

Այս ամենի լույսի ներքո` ՀՀ վարչապետ Փաշինյանն իր կապանյան ասուլիսում, հունվարի 25-ին և հաջորդող չորս օրերին, այնուհետև ֆեյսբուքյան գրառմամբ, որից հետո էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, իրեն իրավունք վերապահեց ինձ հռչակել մեղավոր, ավելին՝ նույնիսկ արդեն ես հայտարարվեցի դատապարտված անձ, քանի որ, ըստ վարչապետ Փաշինյանի, այլևս անմեղության կանխավարկածն այս գործում անելիք չունի և, կրկին ըստ վարչապետի, այլևս փաստ է, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով:

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ վարչապետը հանձնարարեց ՀՔԾ-ին ու դատախազաությանը, որ ամեն գնով ես մեղավոր ճանաչվեմ ու դատապարտվեմ ազատազրկման: Մենք վաղուց ենք համոզվել, որ վարչապետ Փաշինյանի այսօրինակ հայտարարություններին անմիջապես հաջորդում են իրավապահների ակտիվ գործողությունները, և ես վստահ եմ, որ շուտով ինձ կրկին ապօրինի կկալանավորեն:

Պարոն նախագահ,

վստահեցնում եմ, որ հանուն իմ պետության ապագայի` ես պատրաստ եմ կրկին բանտարկվել ու զրկանքներ կրել: Վստահեցնում եմ, որ դրան պատրաստ են նաև ընտանիքս, հարազատներս ու ընկերներս: Բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ հնարավոր ապօրինի բանտարկությունն ամենափոքր խնդիրն է այս ամենում:

Մենք արդեն գրեթե կորցրել ենք իրավական պետությունը, իսկ Դուք, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, ժամանակն է` ձեռնարկեք Սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունները, որպեսզի հետագայում կարողանանք վերականգնել մեր պետության հեղինակությունը միջազգային հանրության շրջանում:

Ձեր կողմից սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն:

Հ․Գ․ Նախորդ իշխանությունների կողմից հալածված բազաթիվ մարդիկ, որոնք այս պահին որպես քաղաքական հալածյալներ ապաստան են ստացել եվրոպական պետություններում, ինձ պարբերաբար հորդորում են վարվել իրենց նման, քանի որ ունեմ դրա համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Բայց ինձ ճանաչողները գիտեն, որ իմ տեսակն ուրիշ է. ես մնալու եմ ու պայքարելու եմ` մինչև Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի վերականգնումը:

ՀՀ քաղաքացի Արսեն Բաբայան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ