Վարչապետը շրջայց է կատարել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է “Մերիդիան” ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետեւելու նպատակով: 2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել “Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի” ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երեւանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել շինհրապարակի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, հետաքրքրվել հետագա քայլերով: Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գեւորգյանը վարչապետին տեղեկացրել է, որ ընկերությունը մոտ 14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կապիտալ ներդրում է իրականացնում արտադրական եւ օժանդակ տարածքները վերանորոգելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնելու, գույք ձեռք բերելու, հարակից տարածքը բարեկարգելու եւ կանաչապատելու ուղղությամբ: Նախատեսվում է, որ ԱՏԳ տարածքում գործունեություն կծավալեն արտերկրյա հեղինակավոր ընկերություններ, կստեղծվի շուրջ 1000-1200 աշխատատեղ: Նախնական մտադրությունների մասին արդեն համաձայնագրեր են կնքվել 8 ընկերության հետ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Հորդանանից, որոնց արտադրանքն արտահանվելու է ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան, Չեխիա, Թաիլանդ, Հոնկոնգ, Ավստրիա, Բելգիա եւ այլն:
Եվս 12 ընկերության հետ համագործակցությունը բանակցային փուլում է:
Տարածքում գործելու է ավելի քան 10.000 քմ մակերեսով ցուցահանդեսային կենտրոն՝ միջազգային ցուցահանդեսների, համաժողովների եւ զանգվածային այլ միջոցառումների կազմակերպման համար: 2014 թ. հոկտեմբերին այստեղ տեղի կունենա “Երեւան շոու 2014” ոսկերչական միջազգային ամենամյա ցուցահանդեսը եւ Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ամենամյա համաժողովը:
Ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտային զարգացման ռազմավարությունները մշակվել են ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման եւ արդյունավետ իրագործման ճանապարհով: