25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարդան Պետրոսյանը դիմում է մշակույթի եւ արտաքին գործերի նախարարություններին

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տեղեկացա Դրեզդենի օպերայի վերջին, սկանդալային միջադեպի մասին։ Կարճ՝ ադրբեջանցի երգիչ Յուսուֆ Էյվազովը չի ցանկացել երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ, որի պատճառով հայ երգչուհու նախապատրաստվող պայմանագիրը չեղարկվել է։ Կարդում եմ նյութերը, վրդովմունքիս, զայրույթիս ձայնը բարձրացնում ու չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ արտիստիկ շրջանակներում, այն էլ այսօր, Եվրոպայում, այն էլ Գերմանիայի պես զարգացած երկրում։

Տասնյակ տարիներ աշխատել եմ ֆրանսիական բազմաթիվ բեմերում, թատերախմբերում, ուր եղել են դերասաններ՝ ֆրանսիացի, արաբ, ռուս, իտալացի, հրեա, պորտուգալացի, թուրք … եւ ամեն անգամ հիացել եմ դերասանների, բեմադրիչների, տնօրինության, բեմի մեքենավարների, տեխնիկական աշխատողների միջազգային ամենաբարձր որակի հարաբերություններով։

Ֆրանսիացի հռչակավոր բեմադրիչ Ռոբեր Օսեինի ” N’ayez pas peur “ներկայացման մեջ ես ամիսներ շարունակ բեմ եմ բարձրացել թուրք գործընկերոջ հետ։ Իրար հետ աշխատել ենք ջերմ, բարեկամական, զրուցել ենք, անգամ մեր երկուսի համար ծանր՝ հայ-թուրքական հարաբերություններից։ Մարդավարի, եղբայրաբար։

Դրեզդենյան միջադեպը խայտառակություն է։ Նման բան Եվրոպայում աշխատող դերասանի համար ուղղակի պատկերացնելն անգամ անհնար է։ Այս զազրելի երեւույթի գլխավոր պատասխանատուն Դրեզդենյան օպերայի թատրոնի տնօրինությունն է, որը ադրբեջանական երգչի ռասիստական արարքին քաղաքական գնահատական տալու եւ համապատասխան պատժամիջոցներ ձեռնարկելու փոխարեն, հակառակը, անսալով նրա պահանջին, հրաժարվել է հայ երգչուհուց, հիմա էլ ձեռքերը լվանում է` հայտարարելով, որ գործ չի ուզում ունենալ ինչ-որ հեռավոր, հայ-ադրբեջանական կոֆլիկտի հետ, որ միտումնավոր բերվել է թատրոն։ Կոչ եմ անում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Հայաստանի ինչպես նաեւ այլ երկրների իմ բոլոր գործընկերներին բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ, հակառակ դեպքում, ռասիզմի բացիլը կարող է մտնել եվրոպական բեմ, դառնալ նախադեպ եւ ծնել էլ ավելի այլանդակ, անհանդուրժելի երեւույթներ։

Խոսքս ուղղում եմ նաեւ ՀՀ արտաքին գործերի եւ Մշակույթի նախարարություններին՝ հանդես գալու համապատասխան կոշտ դիրքորոշմամբ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ