Վարչապետի հետ քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան և Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ նոր ծրագրերի ներդրմամբ: Կառավարությունը հետևողական է լինելու յուրաքանչյուր ծրագրի հաջող իրականացման գործում»,- նշել է վարչապետը:
Ֆրենսիս Մալիժը նախ ներկայացրել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերի ընթացքը և նշել, որ Եվրոպական բանկն առաջիկայում ևս պատրաստ է օժանդակել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, այդ թվում ենթակառուցվածքների և էներգետիկ բնագավառների զարգացմանը: ՎԶԵԲ-ի Արևելյան և Կովկասի երկրների գծով գլխավոր տնօրենը ողջունել է ՀՀ նոր կառավարության գործունեությունը՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսական հավասար պայմանների ներդրմանը և մենաշնորհների դեմ պայքարին:
Միաժամանակ, Ֆրենսիս Մալիժը տեղեկացրել է, որ ՎԶԵԲ-ն առաջիկայում պետք է հաստատի Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում հայկական կողմի հետ փոխգործակցությամբ կսահմանվեն երկկողմ առաջնահերթությունները:
Տեղեկացվել է, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանին նոր դրամաշնորհի տրամադրման ծրագիրը, որն ուղղված է լինելու վերականգնողական էներգետիկայի բնագավառին:
Ֆրենսիս Մալիժը հայտնել է նաև, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ներդրումներ իրականացնել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, էներգաարդյունավետության բարձրացման և շրջակա միջավայրի բարելավման նպատակներով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, այնուհետև ներկայացրել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության մոտեցումներն ու ծրագրերը: