Խորհրդարանը ցրելը քաղաքական հանգուցալուծում է
”Մեր երկրում քաղաքական ճգնաժամ է հասունանում”,-այսօր ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա խոսքով` Հայաստանը խոցելի է, չունի հզոր ռեսուրսներ, որ դիմագրավի արտաքին ու ներքին հարվածներին: ”Իշխանության կողմից լարվածությունը մեծանալու հաշվին քառյակն ավելի կոնսոլիդացված ու զայրացած է աշխատում, մեր ուժը ժողովուրդն է, աշնանը կփորձենք շատ ժողովուրդ հավաքել ու կգործի ճնշումների մեխանիզմը”,-նշեց նա:
Ինչ վերաբերում է Պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի քվեարկությունն ու օրենքի ընդունումն անօրինական ճանաչելուն, ապա նա ասաց, որ ՍԴ դիմելու համար քառյակը ներկայումս իրավական խորհրդակցություն է անցկացնում:
Հարցին, թե արժե խորհրդարանը ցրել, Մանուկյանը պատասխանեց. ”Խորհրդարանը ցրելը քաղաքական հանգուցալուծում է, կարող է լինել տարբերակներից մեկը, ես դեմ չեմ մանավանդ, որ այսօրվա խորհրդարանը չի հայտնում հանրության տրամադրությունը”: Սակայն միաժամանակ ՀԱԿ պատգամավորն արձանագրում է` յոթ հոգով են մտել խորհրդարան, բայց հիմա ամեն քվեարկության ժամանակ հիսուներեք ձայն ունեն: ”Աշնանն ավելի լուրջ էֆեկտ կունենա այդ հիսուներեք ձայնը”,-վստահեցրեց նա:
Հարցին` որքանով է համոզված, որ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը չի փոխի, Մանուկյանը պատասխանեց. ՛՛Ես համոզված եմ, որ հիմա մեր գործընկերներն ավելի են հակվում դեպի ընդդիմություն, ավելի են ագրեսիվանում ու բառապաշարը փոխվում է իշխանափոխության նկատմամբ”: Նա հայտնեց, որ երեկ էլեկտրաէներգիայի թանկացման ակցիայի ժամանակ մասնակիցների կողին էին ինքն ու ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն, ապա միացավ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը: ”Իշխանության թուլանալը նպաստելու է ընդդիմության մերձենալուն, ավելի կոշտ քայլերի գնալուն”,-եզրափակեց նա: