Մի´ պաշտպանեք Արցախը ինձնից. Սերժ Սարգսյան /վիդեո/
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, թե Մաքսային միության անդամ երկրները չեն ցանականում, որ Հայաստանը միանա ՄՄ-ին: Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության “Հարցազրույց” հաղորդաշարին: Նախագահի համար այս հարցը սպառված է եւ զարմանում է, որ դեռեւս շարունակվում են քննարկումները:
“Բովանդակային առումով, իրոք, ամեն ինչ վերջացած է եւ շատ պարզ է: Այո´, ՀՀ-ն անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես ՀՀ-ն այս 20-23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային հանրույթներին: Որեւէ մեկը կա՞, որ հարց առաջացնի ու ասի՝ մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ո´չ: Ճշմարտություն է նաեւ այն, որ ՀՀ-ն ունի առանձնահատուկ հարաբերություններ, ուղիղ ասեմ, երկրորդ Հայաստանի Հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
Կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, սխալ է: Այո´, որոշակի եւ շատ հստակ նկատառումներից ելնելով՝ մենք չենք ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ես դրա հետ համամիտ եմ 100%-ով: Այո´, ուրիշները եւս չեն ճանաչել՝ ելնելով այլ նկատառումներից: Սա իրականությունն է, հարցի էությունն է”,-ասաց նա:
Անդրադառնալով մայիսի 29-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ղազախաստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանը,
Սերժ Սարգսյանը ասաց, որ քաղաքականության մեջ, առավել եւս՝ դիվանագիտության մեջ, հույզերը տեղ չունեն՝ դիվանագիտությունը կամ բանակցությունները տղայություններ անելու տեղ չեն:
“Դիվանագետի նպատակը խնդիրը լուծելն է, եւ մենք մեր խնդիրը լուծելու համար ցուցաբերելու ենք հաստատակամություն՝ հույզերը պարտակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով ու տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում: Ես իրոք զարմանում եմ, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում նման կարծիք հնչեց: Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ո´չ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը եւ, իհա´րկե, դիվանագիտական ճակատում է պատերազմ մղում:
Անհասականլի կլիներ, որ Ադրբեջանի Նախագահը նամակ չուղղեր եւ՛ Ղազախստանի Նախագահին, եւ՛ Ռուսաստանի Նախագահին, եւ՛ Բելառուսի Նախագահին: Երբ ասում են՝ անակնկալ էր, ես չեմ կիսում, ո՞նց կարող էր անակնալ լիներ: Մեր պատվիրակության մեջ տասից ավելի մարդ կար, ու նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել, բոլորն էլ գիտեին, որ նամակ է հղել երեք Նախագաներին:
Բացի այդ՝ մենք ունեինք անցյալի փորձը… Հարցը նպատակահարմարության մասին է՝ որտեղ ինչ կարելի է ասել: Այնտեղ տարօրինակ ոչինչ չի հնչել: Մի կողմ դրեք հույզերը: Երբ ես ասում էի՝ տհաճ էր, տհաճությունը ո´չ թե բովանդակային առումով էր, այլ՝ տհաճ էր, որ ՄՄ անդամ երկրի Նախագահը հղում էր կատարում Ադրբեջանի Նախագահի նամակին: ՀՀ-ն ունի իր հստակ սահմաները, ԼՂՀ-ն ունի իր հստակ սահմանները, այստեղ կասկածելու ոչինչ չկա”,-ասաց նա:
Նախագահը, դիմելով իր քննադատներին ասաց. “Մի´ պաշտպանեք Արցախը ինձնից, դա ո´չ միայն վիրավորական է, այլ նաեւ՝ անհեթեթ”:
Հարցազրույցի այլ մանրամասները տեսանյութում: