Սերժ Սարգսյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն/ֆոտո/
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն:
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել հեռուստաընկերությունում, ծանոթացել կատարված փոփոխություններին՝ հեռուստաեթերի բովանդակային եւ տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, եթերային նոր քաղաքականությանը, հեռուստաընկերության առաջիկա ծրագրերին եւ դեռեւս առկա խնդիրներին:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի եւ հեռուստաընկերության գործադիր տնօրենի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջել է նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին:
Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձնակազմի եւ ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ: Նախագահը ողջունել է հեռուստաընկերության բարեփոխման ուղղությամբ իրականացված քայլերը, խրախուսել անձնակազմին եւ հաջողություններ մաղթել Հանրային հեռուստաընկերությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում: Հանրապետության ղեկավարը կարեւորել է հեռուստաընկերության դերը երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության, հանրության շրջանում ազգային եւ համամարդկային բարձր արժեքներ քարոզող կրթական, մշակութային, հայրենասիրական եւ այլ ուսանելի ու օգտակար ծրագրերի ուղղությամբ աշխատանքները՝ հասնելու համար այն մակարդակին, ինչն ակնկալվում է Հանրային հեռուստաընկերությունից:
Նախագահը հյուրընկալվել է նաեւ “Առաջին լրատվական” ծառայությանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է հիմնանորոգված առանձին մասնաշենքում լրատվական ծառայության աշխատակիցների համար ստեղծված պայմաններին, այցելել լրագրողների եւ տեխնիկական անձնակազմի աշխատասենյակներ, զրուցել նրանց հետ:
Այնուհետեւ Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության “Հարցազրույց” ծրագրին: