Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցողն անհանգստացնող է. Փաստաբանների պալատի նախագահ
Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու պահից մշտապես խնդիրներ, հակասություններ և բանավեճեր եմ ունեցել՝ – Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների ցուցակը նախարարության կողմից վարելու նախաձեռնության հետ կապված (2013թ.)՝ http://advocates.am/news/view/570.html).
– Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ Հրայր Թովմասյանի հետ (ի թիվս այլ առաջարկների, առաջարկվել էր նաև ԲԴԽ անդամների կազմում մեծամասնություն սահմանել դատական իշխանության համար (2015թ.)՝ http://advocates.am/news/view/570.html).
– Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանելու հարցով (2018թ.)՝ http://advocates.am/news/view/1958.html):
Բայց վերոհիշյալ իրադարձությունները չեն խանգարել պահպանել մասնագիտական հավասարակշռությունը և հարգանքը Հրայր Թովմասյան իրավաբանի նկատմամբ:
Այն ինչ տեղի է ունենում այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ, ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է:
Եթե մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն է անպաշտպան, ապա մենք յուրաքանչյուրս վտանգված ենք: Եթե գործադիր իշխանությունը թիրախավորի որևէ անձի, ապա նրան ոչինչ և ոչ ոք չի կարող պաշտպանել:
Քրեական հետապնդման գործողությունները հանրային անձանց նկատմամբ պետք է հասարակության համար լինեն հասկանալի, հիմնավորված և արդարացված:
Որպես փաստաբան պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի իրավունքների պաշտպանությունը:
Հ.Գ. Գ Լ Ո Ւ Խ Ժ Է ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ Ա. Արդարությունը գանգատվում է, երբ մարդիկ իրենց դատում են ոչ այնպես, ինչպես դատում էին ուրիշներին: … Գ. Կան մարդիկ, որ կամենում են արդար օրենքները ծառայեցնել իրենց կամքին: Սրանք անօրեններն ու կամապաշտներն են, ովքեր չեն հասկանում, որ օրենքը պիտի իշխի մարդու կամքի վրա և ոչ թե մարդու կամքը օրենքի: Որովհետև եթե մարդու կամքն օրենք լիներ, կլինեին այնքան օրենքներ, որքան մարդիկ:
ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈւՊՈԼՍԵՑԻ (18-19-րդ դդ.)»։