ՍԴ-ն այսօր կորոշի առանց Հրայր Թովմասյանի
Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են ՍԴ աշխատակազմից։
Նշենք, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցելու նիստին։
Հիշեցնենք, Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է:
Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: ՍԴ նախագահը ասել է, որ այս հարցը Հրայր Թովմասյանի հարցը չէ եւ ՍԴ-ն պահելը իր համար առաջնագիծը պահելուն է հավասարազոր: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.-ի փետրվարին։