ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել. Քննարկվել է Արթուր Վանեցյանի և Սասուն Միքայելյանի հարցը. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
Մասնավորապես՝ խոսվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործունեության մասին, որի ընթացքում վարչապետը շատ կտրուկ արտահայտություններով է հանդես եկել՝ ուղղված նրանց։
Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, որը, ըստ էության, չհերքեց խորհրդակցության փաստը։
«Օրական վարչապետն ունենում է բազմաթիվ խորհրդակցություններ, քննարկումներ, առհասարակ դա աշխատանքային գործառույթների մեջ է մտնում և դրանում քննարկվում են ներքաղաքական, արտաքին քաղաքականության արդի, նաև հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր հարցեր», – հարցմանն ի պատասխան ասաց մամուլի խոսնակը։
Ճշտող հարցին, որ քննարկվե՞լ են արդյոք Արթուր Վանեցյանի և Սասուն Միքայելյանի գործունեությանը վերաբերող հարցերը՝ ասաց. «Դե հենց դա եմ ասում, որ բոլոր հարցերը քննարկվում են, հասարակության հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը քննարկվում են»:
Հիշեցնենք, որ մամուլում տևական ժամանակ է խոսվում է Փաշինյանի և Սասուն Միքայելյանի հարաբերությունների լարվածության մասին, իսկ Վանեցյանի դեպքում այն ակնհայտ է։
Վանեցյանն աշխատանքից ազատվելու մասին տարածած հայտարարության մեջ նշել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: Արձագանքելով Վանեցյանի այս հայտարարությանը Փաշինյանն ասել էր, որ «Դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ՝ դրանից ավելի մեծ անարգանք` սպայի պատվի, չկա: Հասկանում եք, չէ՞ դա ինչ է նշանակում։ Սպան այդպիսի բան անի՞, դա գիտեք ի՞նչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Դա անարգանք է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նկատմամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվել ա»։
Վանեցյանն էլ իր հերթին արձագանքելով վերջինիս ասել էր, թե վարչապետը խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։
Վարչապետ-ԱԱԾ նախկին տնօրեն հեռակա բանավեճից հետո Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանն իր ընկերն է ու ընկերն էլ մնալու է՝ միաժամանակ արձանագրելով, որ անհրաժեշտ է սթափվել։ «Բոլորս պիտի սթափվենք, որովհետեւ գիտեք էս զորահավաքն ինչ է, Աստված չանի, եթե համախմբված չլինենք, պատկերացրեք թշնամին ինչ կանի, իզուր չէ, որ էսքան տարի թշնամին զինվում է»։