Նիկոլը ասում է այն, ինչ մոտ 10 տարի ասում էր Սերժ Սարգսյանը
ՄԱԿ-ում գրեթե ոչ մեկին չի հետաքրքրում։
Նախօրեին տեղի ունեցած ՄԱԿ-ում ելույթով հանդես եկավ Նիկոլը և բավականին երկար շարադրեց իր ասելիքը՝ շուրջ կես ժամ։ Սակայն, ինչպես և կանխատեսվում էր, Փաշինյանի ելույթում զգալի հատվածը բաժին էր ընկնում ՀՀ ներքաղաքական խնդիրներին ու ընդհանուր ներքաղաքական գործընթացներին:
Փաշինյանն իր ելույթում մոտ 14 րոպե հիմնականում խոսեց Հայաստանում տեղի ունեցած «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մասին, հանգամանալից անդրադարձ կատարեց իր կողմից տարվող «բարեփոխումներին», թե ինչպես է «արմատապես վերացրել համակարգային կոռուպցիան», անդրադարձավ դեկտեմբերին տեղի ունեցած «աննախադեպ ընտրություններին», որը ոչ մի քաղաքական ուժ չբողոքարկեց, խոսեց սոցիալական, տնտեսական, կրթական և այլ:
Այստեղ տեղին է մի քանի դրույթով խոսել իրականության մասին. Նիկոլը խոսելով «ոչ բռնի, թավշյա հեղափոխության» մասին, մոռացավ խոսել ընտրովի արդարադատության, դատարանների շրջափակումների, զանգովի դատավորների ու ձերբակալված նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, չխոսեց, թե ինչ ատելության քարոզ են անում ինքը և իր քայլարաստները նախկին «սև ուժեր» համակարգի բոլոր ներկայացուցիչների դեմ։
Նա, հավանաբար, մոռացավ խոսել նաև քաղաքական վենդետաների, «կարած» գործերի ու ընդգծված քաղաքական գործողությունների մասին, որոնք տարվում են պետական ապարատի ներսում։ Փաստենք մի կարևոր հանգամանք. Որ նա առաջին ղեկավարն է, ով ՄԱԿ-ի բարձր ամբիոնն օգտագործում է ներհայաստանյան հիմնախնդիրներ բարձրացնելու համար, քանի որ նախկինում ոչ մի նման դեպքի ականատես չենք եղել։ ՄԱԿ-ի ամբիոնից խոսել ու թիրախավորել քո քաղաքական օպոնենտներին, սա վարչապետի համար անթույլատրելի է, դա ուղղակի խոսում է նրա քաղաքական ապիկարության մասին։ Նիկոլնն իր տեքստում բողոքում էր, որ «երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից»։
Մնում էր միայն Նիկոլնն այս ֆոնին ճիշտ կաներ խոսեր նաև իր թիմի ու սատելիտների ֆեյքերի մասին: Այդ ամբոնից խոսում է «կեղծ լուրերի ու արհեստական օրակարգերի» մասին այն դեպքում, երբ նա իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում նման արհեստական ու ֆեյքնյուզային՝ մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու կոնկրետ տակտիկայով էր աշխատում։ Իր ելույթում նա անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցին և նշեց. «Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է»։
Բանն այն է որ Նիկոլը ասում է այն, ինչ մոտ 10 տարի ասում էր Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ «ադրբեջանցիները փոխզիջման պատրաստ չեն», որ «միշտ ագրեսիվ հռետորաբանություն են օգտագործում», «ամեն ինչ փորձում են ձգձգել, բայց հարցի կարգավորումը բանակցություններով չեն տեսնում», և այլն։ Այսինքն՝ վերադարձել է այն կետին, ինչը ասում էին նախկին իշխանությունները, և ստացվում է այնպես, որ Նիկոլը այս ժամանակահատվածում բոլորի ականջներին «լապշաներ էր կախում»՝ ասելով, թե «ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն կա», «խաղաղության ենք ապահովելու», «նոր մոտեցումներով շահեկան դիրք ենք ապահովելու» և նմանօրինակ հոդաբաշխ մտքեր, ստացվում է, որ մեկուկես տարվա մեջ, Դուշանբեից մինչ օրս, նա վերադառնում է նույն նախկին կետին։
Հ.Գ. Այս քաղաքական ֆարսը, որն անվանում է «թավշյա հեղափոխություն», իրականում աշխարհի ոչ մի ղեկավարի ու միջազգային կառույցի չի հետաքրքրում, և որքան էլ նա փորձում է այդ թեզը «ծախել» Արևմուտքում, փաստացի չի ստացվում «հեղափոխության կայֆն» արդեն անցել է:
Հ.Գ.Գ Որպես կանոն՝ ՀՀ նախկին ղեկավարներն իրենց ելույթը կազմում էին աշխարհաքաղաքական կտրվածքով, թիրախավորում ՀՀ-ի համար կարևոր միջազգային զարգացումները, տարածաշրջանային անվտանգության հարցերն ու երկրի համար համաշխարհային նշանակության այլ առանցքային դրույթներ։
Արթուր Թովմասյան