«Խորհրդարանական լուսավառվող ընդդիմություն: Ագրեսիվ են և նեղացկոտ: Հրապարակային ջղաձգվում են, երբ իրենց քննադատում են». Արտակ Զաքարյան
ՀՀԿ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքագիտական տերմինինների նոր բացատրական բառարան.
Խորհրդարանական լուսավառվող ընդդիմություն —
– նոր տեսակի քաղաքական փոքրամասնություն է, որը լայն հանրության համար դեռևս պարզ չէ, թե ու՞մ նախաձեռնությամբ և ի՞նչի համար է հայտնվել խորհրդարանում: Կամավորական հիմունքներով կարող է հանդես գալիս քաղաքական մեծամասնության խմբային շահերից բխող օրենսդարական նախաձեռնությամբ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ միաձայն քվեարկել մեծամասնության քաղաքական շահերի օգտին:
Պետության կամ հասարակության շահերից բխող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալն այս տեսակի համար պարտադիր չէ: Ագրեսիվ են և նեղացկոտ: Հրապարակային ջղաձգվում են, երբ իրենց քննադատում են: Շարքային քաղաքացիների մոտ իրենց բանավոր խոսքով կարողանում են հայրենասիրության և օբյեկտիվության տպավորություն թողնել: Որպես նոր տեսակի քաղաքագիտական երևույթ, կարիք ունի հետազոտողների մանրամասն ուսումնասիրության»: