23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, և եթե կարելի է ասել, այս պրոցեսը ենթարկել ռեստարտի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը և Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Խորհրդակցության սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր խորհրդակցության նպատակը հետևյալն է. հաշվի առնելով նաև իրավապահ համակարգում տեղի ունեցած կադրային նշանակալի փոփոխությունները՝ ամփոփել կոռուպցիայի դեմ պայքարի վերջին ավելի քան 1 տարվա արդյունքները և այս հարցի կապակցությամբ կողմնորոշվել մեր հետագա անելիքների շուրջ:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, և եթե կարելի է ասել, այս պրոցեսը ենթարկել ռեստարտի, որովհետև դա չափազանց կարևոր եմ համարում ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելու առումով, այլև ես ուղղակի համոզված եմ, որ եթե մենք բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում՝ կոռուպցիան մի երևույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձևերը կգտնի և փուլ-փուլ, կամաց-կամաց սողացող ձևով վերադառնալու հատկություններ կցուցաբերի:

Եվ ընդհանրապես, ուզում եմ արձանագրել, որովհետև դա սովորաբար հայտնի հանգամանքների բերումով այդպես էլ ընկալվում է, երբ ասում ենք կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ հասկանալի պատճառներով միշտ նկատի են առնվում նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, որ մենք այո՛, դա նկատի ունենք, բայց միայն դա նկատի չունենք և նույնքան կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարն այսօրվա իմաստով, այսօրվա պետական կառավարման համակարգի իմաստով:

Եվ ես հույս ունեմ, որ մենք այսօրվա քննարկումների արդյունքում նաև կապահովենք իրավապահ համակարգի փոխգործակցության լիարժեքությունը, որովհետև այս ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել նաև այս ոլորտում: Իհարկե կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար ունի մի քանի կարևոր նպատակ, դրանցից մեկի մասին ես արդեն ասացի, որը պրոֆիլակտիկ նպատակն է, որ մենք բացառենք կոռուպցիոն երևույթի վերարմատավորումը Հայաստանի պետական կառավարման համակարգում:

Երկրորդ ուղղությունը ևս շատ կարևոր է, որ պետությանը և ժողովրդին հասցված վնասները վերականգնվեն: Իհարկե, մեկ տարի 4-5 ամիսների տվյալներով մոտավորապես 51 մլրդ դրամ արդեն վերականգնել ենք, որը սկզբունքորեն փոքր գումար չէ, բայց, ըստ էության, նաև այն տեղեկատվությունը, որ մենք ունենք և գեներացրել ենք, ձևավորել ենք, մեզ հիմք է տալիս ասելու, որ իրականում այստեղ շատ ավելի մեծ անելիք կա:

Հաջորդ կարևոր ուղղությունը Հայաստանում, ի վերջո, այս առումով նաև կարգ ու կանոն հաստատելու անհրաժեշտությունն է: Քանի որ գիտեմ, որ հարակից մեկնաբանություններ են լինելու, մեր այս գործողությունները միևնույն ժամանակ չպետք է որևէ կերպ լինեն կամ ընկալվեն որպես ռեպրեսիաների գործընթաց: Սա նույնպես շատ կարևոր է: Ողջ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ Հայաստանի ժողովրդավարական, իրավական պետություն լինելու իմիջը որևէ կերպ չվնասվի և հակառակը, ամեն մի նման գործողություն և ամեն շարժում այդ ուղղությամբ ավելի ուժեղացնի մեր երկրի ոչ միայն իմիջը, այլև այդպիսին լինելու իրականությունը»:

Այնուհետև քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ