Ե՛վ Արևելք, և՛ Արևմուտք
Արևելք` Արևմուտքի համար, Արևմուտք` Արևելքի համար
Հայերիս քաղաքակրթական տեղի և դերի, ինքնության և արժեքային կողմնորոշման հարցերը պարբերաբար դառնում են եթե ոչ՝ հասարակական քննարկման, ապա՝ գոնե մտավոր կամ քաղաքական նեղ շրջանակների դիսկուրսի առարկա: Մասնավորապես, միանշանակ դատողություններ են արվում հայկական ու եվրոպական արժեքների գրեթե նույնական լինելու և մեր քաղաքակրթական պատկանելությունն այս թեզից բխեցնելու առումով:
Առհասարակ, ինքնությանը, մշակութային կամ քաղաքակրթական փոխազդեցություններին վերաբերող հարցերը շատ բարդ են: Այդուհանդերձ, չհավակնելով գիտական խորության, խիստ համառոտ շարադրենք մեր պատկերացումները` նպատակ ունենալով այս հարցերում մտցնել որոշակի ելակետային ճշգրտումներ և առաջ բերել առողջ քննարկում:
* * *
Հոգեկերտվածքով և բնաշխարհագրությամբ մենք և մեր բարձրավանդակը ո՛չ Արևելք ենք, ո՛չ Արևմուտք, բայց միաժամանակ՝ և՛ Արևելք ենք, և՛ Արևմուտք: Մենք համադրույթ ենք Արևելքի և Արևմուտքի` թե՛ հոգեմտավոր գծերով, թե՛ աշխարհաքաղաքական դիրքով. մի յուրահատուկ խաչմերուկ արևելյան և արևմտյան մշակույթների, կրոնների, քաղաքակրթությունների, տնտեսական ուղիների… Մենք հոգով Արևելք ենք, մտքով` Արևմուտք:
Սակայն ամենից առաջ մենք Մենք ենք` իբրև ինքնատիպ Էություն և Բնություն, իբրև Ազգ և Հայրենիք, իբրև Հայ և Հայաստան:
Մեր երկիրը` Հայկական բարձրավանդակը, իր բնությամբ և աշխարհագրական դիրքով ո՛չ Ասիային է պատկանում, ո՛չ Եվրոպային: Միաժամանակ, այն իրար է զոդում ասիական ու եվրոպական բնաշխարհները (ցամաքամասերը), հավասարապես լինելով և՛ Ասիա, և՛ Եվրոպա: (Այս մասին ավելի լուրջ տեսական գործ, քան կատարել է մեր մտածողներից Հայկ Ասատրյանը, դժվար է գտնել):
Մեր լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, մեր այբուբենը` ինքնատիպ:
Մեր մարդաբանական տիպն առանձնահատուկ է` «արմենոիդ»:
Մեր եկեղեցին ո՛չ կաթոլիկ է, ո՛չ օրթոդոքս, այլ` արևելաքրիստոնեական եկեղեցիներից գլխավորը:
Մեր տոմարը ևս առանձնահատուկ է. Հուլյան և Գրիգորյան տոմարներին զուգահեռ` մենք օգտագործել ենք նաև սեփական տոմարական համակարգերը և օրացույցը:
Մեր ճարտարապետությունն ինքնուրույն է` հայկական (առնվազն, ա՛յդ են վկայում Թորոս Թորամանյանի` հայկական ճարտարապետության վերաբերյալ ուսումնասիրությունները):
Մենք ունենք ինքնուրույն երաժշտություն` անկախ արևելյան կամ արևմտյան ազդեցություններից (վկա՝ Կոմիտաս վարդապետը):
Մեր գրականությունը (հատկապես` պոեզիան), թեև ունի արևելյան ու արևմտյան երանգներ, բայց այն ոչ ասիական է, ոչ եվրոպական, այլ` հայկական: Նույնը կարելի է ասել հայկական նկարչության մասին…
Այսպիսով, մենք ո՛չ ասիացի ենք, ո՛չ եվրոպացի: Մենք, առաջին հերթին, Հայ ենք և այնքան ենք եվրոպացի, որքան ասիացի: Արևմուտքը մեզ դիտում է՝ իբրև Արևելք. եվրոպացիների համար մենք արևելյան ազգ ենք` ասիացի: Արևելքի ընկալմամբ` մենք Արևմտյան աշխարհի մաս ենք, եվրոպացի: Մեր քաղաքակրթությունը, ըստ այդմ, զուտ եվրոպական (արևմտյան) կամ զուտ ասիական (արևելյան) կաղապարներում չի տեղավորվում: Այն, նախևառաջ, հայկական է` հաղորդակից և ներդաշնակ արևելյան ու արևմտյան էություններին:
Բայց մեր կյանքի ընթացքը, որդեգրած ուղին չեն բխում առարկայական այս իրողություններից: Մենք ամեն ինչով «ձգտում» ենք Արևմուտք, իսկ Արևելքում չենք փնտրում այն, ինչ պետք է փնտրել: Կա ներդաշնակության խախտում` «քաղաքակրթական Արևմուտքի» և «մշակութային Արևելքի» հանդեպ մեր կողմնորոշումներում:
Օրինակ, «քաղաքակիրթ աշխարհ» ասելով` մեզանում շատերն առավելապես հասկանում են «արևմտյան աշխարհը», մնացածներին (այդ թվում` չինացիներին, ճապոնացիներին) թողնելով քաղաքակրթական «լուսանցքում»: Կամ անընդհատ տարփողվում է եվրոպական արժեքների* և մեր արժեհամակարգի գրեթե նույնականության թեզը, կարծես թե, ասենք, Կոնֆուցիոսի բարոյախոսությունը և, առհասարակ, արևելյան իմաստությունները խորթ են մեր արժեհամակարգին:
Մշակութային կամ քաղաքակրթական փոխազդեցութունների առումով մենք սնվել ենք և՛ Արևելքից (Ասիայից), և՛ Արևմուտքից (Եվրոպայից): Բայց, միաժամանակ, սնել ենք թե՛ մեկին, թե՛ մյուսին, և փոխադարձաբար հարստացել:
Մենք հոգով պետք է լինենք Արևելքում` սնվենք այնտեղի հոգևոր իմաստություններից, մտքով` Արևմուտքում, մշտապես հաղորդակից բնագիտության և տեխնիկայի նվաճումներին:
Մենք դաշնակիցներ պետք է փնտրենք թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում` առավելապես ելնելով ժողովուրդների հոգեհարազատության և քաղաքակրթական ընդհանրության սկզբունքից:
Իսկ ամենից առաջ մենք Մենք պետք է լինենք` իբրև Հայ և Հայաստան:
* – Նախ, պետք է հստակ տարբերակել «դասական» եվրոպական (իրականում` արևմտաեվրոպական) արժեքներն արդի արևմտյան հակա–արժեքներից (առաջին հերթին` հոգևոր և բարոյական): Իսկ թե որքանով են, օրինակ, ուղղափառ սերբերը, կաթոլիկ իսպանացիները և բողոքական անգլիացիները միևնույն «եվրոպական» արժեհամակարգի կրողը, դեռ լուրջ գիտական հիմնավորման կարիք ունի:
Մուշեղ Լալայան
ՀՀԿ փոխնախագահ
168.am