23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևում են նոր խնդիրներ․ գերմանացի վերլուծաբանը՝ Արցախի հարցի մասին․ 168.am

168.am-ը գրում է․ «Ղարաբաղյան գործընթացը բազմաշերտ է, որոշ շերտերում կա առաջընթաց, բայց կարևոր հատվածում դեռ դրական տեղաշարժեր չենք տեսնում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքելով ՀՀ ԱԳ նախարարի ելույթին ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի վերաբերյալ՝ նշել է, թե պաշտոնական Երևանը գնում է հակամարտության շուրջ իրավիճակի սրացման։ Օրերս բացելով Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամենամյա համաժողովը՝ Զոհրաբ Մնացականյանը պնդել էր, որ Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք։ Արձագանքելով այս դիտարկումներին՝ պաշտոնական Բաքուն նշել էր, թե Հայաստանի նոր իշխանությունները պետք է ի վերջո կողմնորոշվեն՝ խաղաղությո՞ւն են ուզում, թե՞ իրավիճակի սրացում։ «Այդուամենայնիվ, ցանկացած սցենարի դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի ներկայիս ստատուս-քվոյի հետ, մեր համբերությունն անսահմանափակ չէ»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

ՀՀ արտգործնախարարը նաև հիշեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության մասին դիրքորոշումը. «Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որևէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը և սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը»: Ադրբեջանի արտգործնախարարությունն ի պատասխան՝ պնդել է․  «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կան այդ շրջանի հայկական ու ադրբեջանական համայնքներ: Տարածաշրջանի բնակիչների ինքնորոշման իրավունքի ձևաչափերը հստակ քննարկման կարող են դրվել միայն Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հիմնարար իրավունքները վերականգնելուց, հարազատ բնակավայրեր նրանց անվտանգ վերադարձից ու արժանապատիվ կեցությունից հետո»:

Նշենք նաև, որ դեռևս չհաստատված տեղեկություններ կան, որ առաջիկայում կայանալու է Մնացականյան-Մամեդյարով ևս մեկ հանդիպում։

Սյուզան Ստյուարտի խոսքով՝ տպավորությունները բանակցային գործընթացից շատ տարբեր են վերջին ամիսների ընթացքում, քանի որ կա առաջընթաց բանակցային գործընթացում այն առումով, որ նախկինի համեմատությամբ՝ բավականին հաճախ են հանդիպումներ տեղի ունենում։

«Թվում է, թե հաճախակի հանդիպումների ընթացքում մեղմվում են սուր անկյունները, բայց այդ ուղղությամբ առաջընթաց չկա, և այս փոխհրաձգությունը՝ հայտարարությունների տեսքով, դրա ապացույցն է։ Երևում են նաև նոր խնդիրներ, Երևանը պահանջում է Ստեփանակերտի մասնակցություն բանակցություններին, իսկ Ադրբեջանը՝ ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայություն բանակցային սեղանի շուրջ։

Բնականաբար, այս հարցում կողմերը դեռ համաձայնության չեն եկել։ Բայց բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամություն կողմերն ունեն, այլապես դրանք չէին շարունակվի այս ինտենսիվությամբ։ Թե կոնկրետ ինչ ակնկալիքներ ունեն կողմերը միմյանցից, ունենալով նման դիրքորոշումներ, դժվար է ասել, քանի որ իրավիճակը, հնչող հայտարարությունները, սահմանին տիրող իրավիճակը, որից մենք դատում ենք բանակցային առաջընթացի մասին, հակասական տպավորություններ են թողնում։

Այնուամենայնիվ կարող ենք ասել, որ կարգավորման հարցի շուրջ կողմերի հրապարակային դիրքորոշումները չեն փոխվել, և դա է ամենակարևոր արձանագրումը, քանի որ դրանից է ըստ էության կախված հակամարտության կարգավորման գործընթացի ապագան։ Կողմերը պետք է քաղաքական որոշում կայացնեն, ինչը հեշտ չէ տասնամյակներ շարունակված և զոհեր պատճառած հակամարտության դեպքում, քանի որ կա հասարակությունների ակտիվ դիրքորոշումն ու ճնշումը, ուստի կարգավորման ճանապարհին կարևոր է հասարակությունների հետ ճիշտ «աշխատանքը», համապատասխան տրամադրությունների ձևավորումը»,- ասաց Ստյուարտը։

Ինչ վերաբերում է առաջիկա հանդիպմանը՝ Ստյուարտն ասաց, որ որքան էլ թույլ լինեն բանակցությունները բովանդակային առումով, հանդիպումների առկայությունը սահմանին իրավիճակն անվերահսկելի սցենարներից զերծ պահելու նախապայման է։

«Կարծում եմ՝ կողմերն ու համանախագահները գոնե դրան են ձգտում այս փուլում՝ հասկանալով, որ այս իրավիճակում ցանկացած բանակցային դադար կարող է անդառնալի հետևանքների պատճառ դառնալ։ Դրան են ուղղված նաև վերջին բանակցությունների հումանիտար բնույթի ձեռքբերումները, որոնցով նպատակ կա վերջ տալ կողմերի միջև թշնամական մթնոլորտին, ինչի մասին խոսեցի, որպես կարևոր գործոն։ Եթե պարզ խոսենք, ապա Ղարաբաղյան գործընթացը բազմաշերտ է, որոշ շերտերում կա առաջընթաց, բայց կարևոր հատվածում դեռ դրական տեղաշարժեր չենք տեսնում»,- ասաց վերլուծաբանը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ