Ղարաբաղում դրական տեղաշարժ կա. 168 ժամ
Միջազգային հիմնահարցերի ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանական “Հաշտեցման ռեսուրսներ” կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը “168 ժամ” թերթի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Արցախյան հիմնահարցին:
Խոսելով Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության վիճակի եւ Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնությունն անհնար է առանց համապատասխան ինստիտուտների կայացման, իրավունքների վրա հիմնված մշակույթի եւ նման արժեքների կայացման:
“”Դժվար է պատկերացնել պարզապես խաղաղություն կամ հայ-ադրբեջանական կարգավորում` առանց ժողովրդավարական զարգացումների”,- ասել է նա: Անգլիացի քաղաքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ ԼՂՀ-ում կա որոշակի դրական հեռանկար. “Ընտրությունները ԼՂ-ում անցկացվում են պարբերաբար, եւ այնտեղ կատարվում է նախագահների փոփոխում քվեարկության միջոցով, ինչը երբեմն մենք չենք տեսնում տարածաշրջանի որոշ դե յուրե պետություններում”: Միաժամանակ նա նշել է. “ԼՂՀ-ն դեռեւս իր առջեւ ունի լուրջ մարտահրավերներ` ներքին բազմազանության եւ իրական քաղաքական բազմակարծություն ստեղծելու առումով”:
Իսկ, այսպես կոչված, “տեղահանված” ադրբեջանցիների”` ղարաբաղյան ընտրություններին չմասնակցելու մասին նա ասել է “Եթե տեղահանված ադրբեջանցիները բացառվել են այդ ընտրություններից., ապա դա ավելի վատ չէ, քան Բաքվից, Գյանջայից եւ Ադրբեջանի այլ բնակավայրերից տեղահանված հայերի բացառումը Ադրբեջանի ընտրություններից””,-գրում է թերթը: