28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քայլել ենք, ավտոբուսների անիվների տակ պառկել, դրոշ ծածանել, դրա համար էլ արժանի ենք փափուկ աթոռների. Իրատես

Իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով և օգտագործելով համացանցային բոլոր հարթակները, հիշում են նախորդ տարվա այս օրերին ծավալված իրադարձությունները: Դպրոցական երեխայի խանդավառությամբ պատմում են դեպքերի ու զարգացումների մասին, կետ առ կետ նշում, թե ով ինչով էր զբաղված: Տպավորություն է, թե դեպքերը վաղնջական ժամանակահատվածում են եղել, ու մենք էլ ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել: Մեր օրերի «պատմիչները» դետեկտիվ ոճի նրբերանգներով այնպես են նկարագրում վրանների մեջ կամ փողոցում տեղադրված վառարանների շուրջ տեղի ունեցած խոսակցությունները, որ եթե ամեն ինչ սեփական աչքերով տեսած չլինես, կմտածես՝ աներևույթ ուժերի պես են գործել ու զուսպ, համբերատար, խիստ համակարգված աշխատանքի շնորհիվ հասել իշխանափոխության:

Բայց մենք գոնե հասկանում ենք, որ գեղագիտական ելևէջներով հուզիչ գրառումները ոչ այլ ինչ են, եթե ոչ հասարակության զգացական ֆոնը չթուլացնելու հերթական փորձ: Էյֆորիայի հետզհետե նահանջն արդեն տեսանելի է, մարդիկ հստակ հարցեր են բարձրացնում ու, պատասխաններ չստանալով, սկսում քննադատել իշխանություններին: Նրանք էլ ստիպված են ամեն անգամ մի ձևով ընդգծել, թե ինչքան շատ են արժևորում ՀՀ «հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին»:

Սրտակեղեք գրառումները նաև սեփական պաշտոնն ու դիրքը ամրապնդելու յուրօրինակ ձև են, հավատարմության երդում՝ իրենց մանդատ կամ պաշտոն նվիրած վարչապետին: Ասել է թե՝ մենք այսքան բան ենք արել, քայլել ենք, ավտոբուսների անիվների տակ պառկել, դրոշ ծածանել, դրա համար էլ արժանի ենք փափուկ աթոռների: Մյուս կողմից էլ հիշեցնում են, որ վերոնշյալ բոլոր գործողություններին թեև մասնակցել են, բայց որևէ պաշտոն չեն ստացել:

Իշխանություններին «նամյոկ են» անում՝ թեև քայլել են, բայց «մենակ են»:

Հեղափոխության օրերի քրոնիկոնի վերջին սերիաները «կցուցադրվեն» ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, ամենաբարձր մակարդակով հասարակությանը հերթական անգամ կմատուցվի՝ ինչպես «սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը» մարդկանց սևերի ու սպիտակների բաժանեց, և ինչքան «չար ու նախանձ» էին նախկինները:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ