26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղաքացու համար այդպես էլ պարզ չի, թե ապագայում երբ եւ ինչ է սպասվում իրեն. Ստեփան Մարգարյան

Նույնիսկ տոնացույցում քաղաքացու օրը նշելու տոն սահմանելու որոշումը որեւէ որոշակիություն չի մտցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում:

Այդ քաղաքացու համար այդպես էլ պարզ չի, թե ապագայում երբ եւ ինչ է սպասվում իրեն: Երբ եւ ինչ պետք է անի ինքը, որպեսզի իր եւ իր ընտանիքի օրվա նվազագույն ապրուստը ապահովի: Ավելին, չի երեւում, թե երբ այն պարզ կդառնա: Կարծում եմ, որ մեկ տարին բավարար ժամանակ էր, որպեսզի տեսանելի դառնար, թե երբ եւ ինչ է փոխվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքում:

Վստահ եմ, որ ինձ առարկելու են, որ շատ բան է փոխվել եւ բերելու են օրինակ` կոռուպցիան վերացել է:

Անկեղծ լինենք, գոնե պետական համակարգում աշխատանքի ընդունվելու հարցում ավելի մեծ խտրականություն եւ ավելի մեծ հովանավորչություն դժվար է պատկերացնել: Դա կոռուպցիայից ինչով է ավելի լավը: Պետական համակարգը ձեւավորվեց եւ շարունակում է ձեւավորվել միայն անձնական հավատարմության սկզբունքով:

Ունենալով բավականին մեծ վստահության պաշար, անհրաժեշտ էր անմիջապես հավաքել բանիմաց ու արհեստավարժ թիմ եւ գնալ լուրջ բարեփոխումների: Սակայն դա չարվեց: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես թե տնտեսությունը գերակա ուղղություն չի:

Այժմ հայտարարվել է տնտեսական հեղափոխություն անելու մասին:

Չգիտեմ, որեւէ մեկը կարող է բացատրել, թե ինչ է նշանակում տնտեսական հեղափոխություն այսօր Հայաստանում: Եւ ինչո՞ւ անպայման` հեղափոխություն: Կարծում եմ՝ տնտեսությունը պարզապես պետք է զարգացնել, որի համար անհրաժեշտ է երկրում նպաստավոր պայմաններ ստեղծել ներդրումներ ապահովելու համար:

Անցյալ տարվա վերջին բոլորը միաբերան հայտարարում էին, որ օտարերկրյա ներդրումներին խանգարում է միայն գործող ազգային ժողովը եւ այն արագ պետք է լուծարել եւ նորը ձեւավորել: Օտարերկրյա ներդրողները Ազգային Ժողովի այս կազմին չեն վստահում:

Այն փոխվեց, ընտրվեց նոր Ազգային Ժողով: Ընդ որում լուրջ ճնշումների գնով: Սակայն անհասկանալի է, թե ինչու այդ ներդրումներն արդեն չկան կամ դեռ չեն երեւում:

Ընդհանրապես, պարզ էլ չի, թե ներդրողը ինչու պետք է Ազգային Ժողովի այս կազմը ավելի լավը համարի, քան նախորդ կազմը:

Ներդրողի համար մի շարք կարեւոր պայմաններ կան` երկիրը պետք է ունենա նպաստավոր օրենսդրություն, իշխանության քայլերը պետք է լինեն կանխատեսելի եւ սեփականության անձեռնամխելիությունը պետք է լինի երաշխավորված:

Արդյո՞ք այդ պայմաններն ադեն կան, կամ մենք գնում ենք դրանք ապահովելու ճանապարհով:

Մեր մոտ վաղուց վերացել է խոշոր կապիտալ տերմինը եւ դրա փոխարեն օգտագործվում է օլիգարխ բառը: Պարզ է, որ խնդիրը բառերի տարբերության մեջ չի, այլ այդ բառերից բխող հետեւանքների: Օլիգարխ բառն օգտագործվում է բացասական իմաստով: Օլիգարխը վատն է, թալանչի է, հետեւաբար նրան պետք է ճնշել, նրանից պետք է վերցնել գումարներ, նրա նկատմամբ պետք է հարուցել քրեական գործեր:

Այնինչ, խոշոր կապիտալի առկայությունը տնտեսության զարգացման հիմնական նախապայմաններից է: Դասագրքային ճշմարտություն է, որ խոշոր կապիտալի իրական մրցակցությունը բերում է փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը:

Փաստորեն փոխանակ խոշոր կապիտալը տնտեսության մրցակցային դաշտ բերելուն, նրա նկատմամբ ձեւավորվում է բացասական, թշնամական վերաբերմունք:

Այս ամենը տեսնում է օտարերկրյա ներդրողը:

Ներդրողի համար շատ կարեւոր է նաեւ երկրի հասարակական եւ քաղաքական կայունությունը, ներքին մթնոլորտը:

Ամենաշահեկանը երկրում համերաշխության մթնոլորտի ձեւավորումն է եւ հասարակության միասնական ներուժի համախմբումը` երկրի համար միասնական եւ հասկանալի օրակարգ ձեւավորելու եւ այդ օրակարգով շարժվելու համար:

Սակայն անհասկանալի է, դրա փոխարեն սոցիալական ցանցերում, հրապարակային ելույթներում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պարբերաբար ատելության, թշնամանքի եւ վախի մթնոլորտի ձեւավորումը եւ սերմանումը: Ատելությունը, թշնամանքը եւ վախի մթնոլորտը դեռ երբեք լավ բանի չեն բերել:

Պոտենցիալ ներդրողը դա տեսնում է եւ այդ մթնոլորտ չի մտնի: Իսկ դա շատ թանկ է նստում երկրի վրա:

Անհասկանալի են ձերբակալությունները որպես նվաճում եւ հաջողություններ ներկայացնելը, անմեղության կանխավարկածի խախտմամբ հանցագործներ հայտարարելը: Երբ պարզվում է, որ դա այդպես չի, դա երկրի համար շատ թանկ է նստում:

Երբ իրավապահ մարմինները ցուցումով են աշխատում, ապա դա ներդրողի մոտ նրանց նկատմամբ անվստահություն է ձեւավորում, եւ դա շատ թանկ է նստում երկրի վրա:

Եթե ձերբակալում ես երկրի նախագահ եւ առանց հիմնավոր պատճառների եւ բացատրության տեւական ժամանակ պահում ես նրան կալանքի տակ, ապա դա շատ թանկ գին ունի եւ այդ գինը վճարում է երկիրը:

Ստեփան Մարգարյան

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ