26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավշարի դպրոցի ուսուցիչներին «փոխարինել է» մարզպետի քեռին /տեսանյութ/

Մարզպետի  հետ հանդիպմանը սպասում էինք առաջին իսկ օրվանից, դպրոց էին գալիս մարզպետարանի ներկայացուցիչները` համոզելով, որ վերականգնվի դասապրոցեսը, բայց դա միայն մեր մեղքով չէ, այս հարցի հետևում կանգնած է 500 աշակերտի ծնող. լրագրողների հետ զրույցում ասաց Ավշարի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ասպրամ Հովսեփյանը:

Անդրադառնալով երեկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Ավշարի ուսուցչական կոլեկտիվի հանդիպմանը` նա հայտնեց, որ մարզպետն իրենց առաջարկել է փոխզիջումների գնալ, այսինքն` ուսմասվար Գայանե Մարտիրոսյանը կշարունակի աշխատել իր հաստիքում, իսկ մարզպետի մորաքրոջ հարսը որևէ պաշտոնի չի հավակնի, ուսուցիչներն էլ կշարունակեն իրենց աշխատանքը:

«Բայց մենք չենք կարող գնալ այդ փոխզիջումներին, չենք կարող աշխատել մի մարդու հետ, որն այսքան մարդու ստախոս ու ստահակ է անվանել: Տիկին Անդրեասյանն ինչպե՞ս է աշխատելու այն ուսուցիչների հետ, որոնց հետ մի քանի ժամում հասցրել է ընդհարում ունենալ, ինչպե՞ս է նայելու այն աշակերտների աչքերին, որոնք երեսը տեսնել չեն ուզում: Վերջապես` կարելի է 35 մանկավարժի ու 15 տնտեսական աշխատողի կարծիքը հաշվի առնել: Մարզպետն ասում է, թե մեր քայլերն իրավական հիմք չունեն: Հասկացանք` իրավականը, եթե այդ հիմքն ունենայինք, ապա դատարանում կլինեինք ու հարցերը ոչ թե մարզպետի աշխատասենյակում, այլ դատարանում կպարզեինք: Ոտնահարվել է մեր բարոյական իրավունքը: Անտեսել այսքան ուսուցիչների կարծիքն ու ասել` կամայականություն է կամ ձեր հետևում քաղաքական ուժեր կան, աբսուրդ է: Մեր հետևում քաղաքական որևէ ուժ չկա: Մեր կոլեկտիվի մեջ չկա մի մարդ, որ հավակնի այդ պաշտոնին»,- ասաց Հովսեփյանը:

Նրա համար տարօրինակ է եղել նաև ԿԳՆ հանրակրթության վարչության պետի հայտարարությունը, թե դպրոցում տնավարություն  է եղել: Ուսուցչուհին հարց է բարձրացնում` ի՞նչ տնավարության մասին է խոսքը, երբ դպրոցը տնօրեն չի ունեցել, սակայն այդ ընթացքում աշակերտներն օլիմպիադաներում լավագույն արդյունքներ են գրանցել: «Դա էլ բավարար չէ, այս խառը վիճակում մարզպետն աուդիտ է հայտարարել: Լավ, ենթադրենք օրենքով է դա, բայց ումի՞ց ես փաստաթուղթ պահանջում, ումի՞ց ես ինչ ուզում: Մարդիկ իրենց տեղը չգիտեն, դուք աուդի՞տ եք անցկացնում»,- տարակուսեց մանկավարժը:

Նա անհեթեթ է համարում նաև այն խոսակցությունը, թե իրենց հետևում  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը կարող է կանգնած լինել: Հստակեցնում է` այդ մարդիկ երեք մեծ գործարան ունեն ու հազարավոր աշխատակիցներ, և եթե ցանկանային ինչ-որ բան անել, այդ աշխատակիցները դուրս կգային, կպահանջեին մարզպետի հրաժարականը:

Դպրոցի հայոց և լեզվի և գրականության մեկ այլ ուսուցչուհի` Կարինե Փամբուկյանը, նշեց, որ ուսուցիչները որևէ մեկի օգնության, աջակցության կարիքը չունեն, անգամ մերժել են ավագանու` իրենց սատարելու որոշումը: «Սա մեր խնդիրն է, հարցերի պատասխաններն ու պատճառաբանությունն էլ մենք ունենք: Վերահաստաում եմ` մեր հետևում կանգնած որևէ ուժ չկա, մենք ուղղակի ուզում ենք, որ մեր ձայնը վերջապես լսելի լինի, ի վերջո, նշանակություն տան ուսուցչին` որպես մարդու, անհատականության: Ի՞նչ է նշանակում` 35 հոգին պետք է լռի, ինչ է, թե մեկը պետք է աշխատի: Այդ մի հոգին մեկ օրում այնքան հակակրանք է «շահել» համայնքի, հասարակություն, աշակերտության ու կոլեկտիվի կողմից, որ դեպքերի զարգացումն այլևս անհնար է վերանայել: Ընտրել ենք, չէ՞, նրան, եթե ուզենայինք ինչ-որ բան կազմակերպել, ապա դա կանեինք նախքան ընտրությունը: Որևէ մեկը չի կարող մեզ ուղղորդել, մենք խելացի մարդիկ ենք, մենք որևէ մեկի դեմ ոչինչ չունենք, ընդամենը ուզում ենք աշխատել խաղաղ պայմաններում: 35 տարի աշխատում եմ այս դպրոցում, նման բանի ականատես չեմ եղել: 8 տնօրենի հետ եմ աշխատել, ի՞նչ խնդիր ունեի` 9-րդի հետ աշխատելու: Ուղղակի նա չկարողացավ պահպանել բարեկրթության սահմանները: Ասում է` դուք ինձ ընտրել եք, ու վերջ: Հո միանձյա իշխանուհի չէ՞: Մի ամբողջ համայնք ասում է` չենք ուզում քեզ հետ աշխատել, գնա այլ տեղ կայացի: Դպրոցը կայանալու տեղ չէ, դպրոցը կայացած մարդու տեղ է: Ես անհարմար եմ զգում, որ ընտրել եմ նրան, ափսոսում եմ»,- վրդովված ասաց ուսուցչուհին:

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ եք ընտրել, նա արձագանքեց. «Մտածեցի թարմ ուժ է, լավ ծրագիր ուներ: Բացի այդ` հավանեցի խոսքի ճկունությունը, հարցերին կոնկրետ պատասխանալու կարողությունը»:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ