ՀՀԿ-ի մեկուսացման խնդիր չկա. Իրատես de facto
“Իրատես de facto”-ի զրուցակիցը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է: Ներկայացնում ենք մի հատված:
-Ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում Ձեր գնահատականով: Մի քանի ամիս շարունակ ոչիշխանական քաղաքական ուժերը խոսում էին իրենց տնտեսական ծրագրերի մասին, պատրաստվում էին այդ ծրագիրը կենսագործելու համար կառավարության հրաժարականը պահանջել, հիմա անգլիաբար հեռանում են եւ չեն ուզում կոալիցիոն կառավարության մաս դառնալ, ի՞նչն է պատճառը:
-Ոչիշխանական եւ ընդդիմադիր կուսակցության քաղաքական միավորները շատանում են, երբ քննադատում է իշխանությանը: Քննադատելը դյուրին զբաղմունք է, մեծ ջանքեր չի պահանջում: Մենք բոլոր քաղաքական ուժերին, որ հանդիպել են նախագահի հետ, առաջարկել ենք համագործակցություն եւ որեւէ մեկի առաջ դռները չենք փակում: Հիշո՞ւմ եք, մեզ մշտապես մեղադրում էին, որ քաղաքական մեծամասնությունը մենաշնորհ ունի, ուզուրպացրել է իշխանությունը, հիմա, լինելով քաղաքական մեծամասնություն, մենք ասում ենք՝ եղբայրներ եւ քույրեր, ունե՞ք ծրագրեր, որոնք համահունչ են, եկեք միասին իրականացնենք: Սակայն ոչիշխանական ուժերի համար ավելի շահեկան է քննադատելը: Ես չեմ ուզում նրանց մեղադրել պոպուլիզմի մեջ, բայց քաղաքական պատասխանատվությունը քաղաքական կուսակցության համար պետք է լինի թիվ մեկ կատեգորիա: Երբեմն մեզ ասում են՝ դուք մեր բոլոր ծրագրերը չեք ընդունում, եթե բոլոր ծրագրերն ընդունեինք, մեկ կուսակցություն դարձած կլինեինք: Ի վերջո, մշտական կոալիցիաներ, մշտական քառյակներ, հնգյակներ չեն լինում: Պարզ է, որ օգտվելով որոշակի ոչ բարենպաստ տնտեսական պայմաններից, սոցիալական խնդիրներից, ոչիշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը չէին կարող չօգտվել իշխանությանը քննադատելու գայթակղությունից: Հենց դրանով է պայմանավորված, որ սկսեցին մեկը մյուսին հերթ չտալ այդ գործում: Հիմա կա նոր վարչապետ, նոր կառավարություն է ձեւավորվում, որի պատասխանատուն ՀՀԿ-ն է, կապրենք՝ կտեսնենք, ինչպես իրենց կպահեն քաղաքական ուժերը: Մենք պատրաստ եղել ենք եւ մնում ենք կառուցողական քննարկումների պատրաստ, հիմա կառուցողական դիրքորոշում իրենք պիտի ունենան:
–Ես հասկանում եմ, որ ընդդիմության հացը իշխանությանը քննադատելն է, բայց Հայաստանում կա՞ այդ ընդդիմությունը: Ոչիշխանական ուժ ու ընդդիմություն տարբեր հասկացություններ են:
-Եթե դու իշխանություն չես, ուրեմն դու ընդդիմություն ես՝ քաղաքագիտորեն:
–ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի համարում՝ ընդդեմ քաղաքագիտության:
-Դա իրենց խնդիրն է, յուրաքանչյուրն ունի իր օրակարգը: Մենք մեր առաջարկն արել ենք, մենք ցույց ենք տվել հասարակությանը, որ մեր խնդիրը ոչ թե իրար ոչնչացնելն է, հայհոյելը կամ քննադատելը, այլ ժողովրդի մատից փուշ հանելը: Մենք ասել ենք՝ ուզում եք մասնակցել, համեցեք, եկեք խելք խելքի տանք, ունենք հակասություն, փորձենք ընդհանուր եզրեր գտնել ու հարցը լուծել: Պատասխանները հայտնի են, մեկնաբանել չեմ ուզում իրենց ներքին խնդիրները: Ես ուզում եմ վերահաստատել, որ ՀՀԿ-ն քաղաքական կոնստրուկտիվիզմի, քաղաքական համերաշխության եւ երկխոսության կողմնակից է գործով: Մեր խոսքը գործ է. մենք դա ցույց ենք տվել: Եթե քննադատելն ավելի գայթակղիչ է, շահեկան չէ իշխանության մաս լինել, որովհետեւ բազում խնդիրներ կան, որոնք արդեն դու պետք է լուծես, իրենց խնդիրն է, ես կոռեկտ չեմ համարում իրենց խնդիրների մեջ մտնել:
–Դա չի՞ վերածվում ՀՀԿ-ի մեկուսացման: Այս ընթացքում ամենաանսպասելին ՕԵԿ-ի քայլն էր, նա էլ է հեռանում:
-Ոչ, որեւէ մեկուսացման խնդիր չկա: Ես անսպասելի չեմ համարում ՕԵԿ-ի քայլը, ՕԵԿ-ը ինքնուրույն կուսակցություն է եղել կոալիցիայում եւ մնում է այդպիսին:
–Այն դժգոհությունները, որ իրենք ներկայացրին իբրեւ խնդրահարույց, վեց տարի եղել են, ինչո՞ւ հիմա:
-Դժգոհությունները ավելի մեծ լիազորություններ ունենալու հետ են կապված:
–Վարչապե՞տ:
-Ավելի մեծ պատասխանատվություն: Մենք հարգանքով ենք վերաբերվում ՕԵԿ-ի տեսակետին: Քաղաքական կուսակցությունն ինքն է որոշում իր տեղն ու դերը քաղաքականության մեջ: Եթե համամիտ չեն, քաղաքակիրթ ելքը կոալիցիայից դուրս գալը, հետո քննադատելն է: ՕԵԿ-ի քայլը անսպասելի թվաց, որովհետեւ մենք քաղաքական մշակույթով չենք առաջնորդվում: Մենք կարծում ենք՝ եթե եղել են կոալիցիայում, մեկ տարի հետո իրավունք չունեն քննադատելու իշխանությանը: Այդպես չէ: Մեզ մոտ կարծրատիպեր են իշխում: Իշխանություն-ընդդիմությունը ընտրությունների ժամանակ է որոշվում: Բարոյական է, թե անբարո, սկզբունքային է, թե անսկզբունք, դա այլ խնդիր է:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: