Ձևերը դուք եք սովորեցրել, պարոնայք, դե հիմա վայելեք և փորձեք ուժ չկիրառել, չէ՞ որ նրանք ձեր հպարտ քաղաքացիներն են. Մարգարիտ Եսայան
ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, այն վերնագրելով՝ «Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլը սկսեց քայլել»:
Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Նստելով եւ փողոց փակելով իշխանության եկածները ուժ են կիրառում այսօր իրենց իրավունքները պաշտպանող ՀՀ հպարտ քաղացիների նկատմամբ, ովքեր նույն ձեւերով, նստացույցով, փողոց փակելով փորձում են պաշտպանել իրենց աշխատանքի իրավունքը, տեսանյութից իմացա, որ քիչ առաջ մի խումբ մարդկանց Թումանյան-Մաշտոցի պողոտա հատվածից բառացիորեն, խցկեցին ոստիկանական մեքենա եւ տարան, այս պահին էլ փողոցը նստած-փակողներին են քաշքշում եւ փորձում հեռացնել, ձեւերը դուք եք սովորեցրել, պարոնայք «հեղափոխականներ», դե հիմա վայելեք եւ փորձեք ուժ չկիրառել, չէ՞ որ նրանք ձեր հպարտ քաղաքացիներն են, ում շնորհիվ եկել եւ իշխանություն եք դարձել, ասֆալտից բազմել եք պետական պաշտոնների, փորձեք գնալ կոմպրոմիսի, մարդիկ աշխատատեղեր են կորցնում, տուն չեն կարողանալու պահել, իսկ դուք ոչ նոր աշխատատեղ եք բացում, ոչ էլ միտք ունեք բացելու․․․Կհետեւեմ զարգացումներին․․․
Հ.Գ․ Ի դեպ, այս նույն մարդիկ, երբ դուք փողոցներում նստոտել էիք, ձեզ հաց ու ջուր էին բերում․․.»:
Հիշեցնենք՝ Օպերայի հարակից տարածքի սրճարանների սեփականատերերը բողոքի ակցիա են իրականացնում Մաշտոցի պողոտայում: Կան բերման ենթարկվածներ: