27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի երթը Փաշինյանի վերջին փամփուշտն է, որ կրկին օդ է կրակելու. Շարմազանով

«Ինչպես շատ հարցերում, Մարտի 1-ի բացահայտման հարցում եւս ակնհայտ դարձավ Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտությունը եւ սուտասանությունը: Նա հայտարարել էր, որ երբ իրենք գան իշխանության, կբացահայտեն  Մարտի 1-ը, ավելին հանրահավաքներից մեկ ժամանակ նա հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է: Նախկինում, երբ տեր-պետրոսյանական թիմն ամբողջությամբ ընդդիմութան դիրքերում էր, նրանք հայտարարում էին, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կոծկում են Մարտի 1-ը, հիմա տասն ամսից ավելի է, Փաշինյանն է իշխանության, հիմա ես նրան ուղիղ հարց եմ ուղղում՝ պարոն Փաշինյան, 10 զոհերի հարցով մեղադրյալներ կա՞ն, թե՞ ոչ, որտե՞ղ են նրանք»,-Henaran.am-ի  հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի բացահայտման խնդրին, ասաց ԱԺ նախկին փոխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, հարուցված քրեական գործերով որեւէ մեկի նկատմամբ 10 զոհերի մասով որեւէ մեղադրանք չի առաջադրվել: « ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, Խաչատուրովին պաշտոնանկ արին ու գործ հարուցեցին, Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարեցին, բայց ու՞ր են 10 զոհերի մեղադրյալները, այսօր մեխն էլ մուրճն էլ նրա ձեռքում է: 11 տարի շարունակ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը  ատելություն են սերմանել հանրության շրջանում, հայտարարել, թե Հանրապետական ռեժիմը կոծկում է գործը,  նա է իշխանության ղեկին, թող բացահայտի; Բավական չէ՞ դիվիդենտներ շահել զոհերի ընտանիքների զգացմունքների վրա»,-շեշտեց ՀՀԿ խոսնակը: 

Էդուարդ Շարմազանովի խոսքով, այս ամենը եւս  մեկ անգամ վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը պոպուլիստական է, իսկ այսօրվա երթը Փաշինյանի վերջին փամփուշտն է, որը կրկին օդ է կրակելու: «Սա ճարահատյալ երթ է,-ասաց Շարմազանովը ու հավելեց,-պետության ղեկավարը ճառ ասող չէ՝ զանգ կախող է, ճառ ասողն ընդդիմությունն է»:

Շարմազանովի խոսքով , իրականում Մարտի 1-ը Տեր-Պետրոսյանի սերմանած ատելութան ծնունդն էր.

«Հիմա նույն ճանապարհով Փաշինյանն է գնում: Տեր-Պետրոսյանը հայտարարում էր՝ թաթար-մոնղոլական կլան,  հիմա Փաշինյանը հայտարարում է՝ սեւեր-սպիտակներ, հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ»,-ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով որ այն իշխանությունը, որը սեփական երկրում ու սեփական հասարակության մեջ ատելություն է սերմանում, նույն հարվածից է ընկնելու:

Անդրադառնալով  Փաշինյանի մարտիմեկյան ուղերձին, նա ընդգծեց.

«Գիծ կարելի է քաշել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ, երբ Փաշինյանը եւ իր իշխանությունը դադարեցնեն քաղաքական հետապնդումները եւ նրանք, ովքեր կազմակերպել են Մարտի 1-ը, պատասխան տան: Գիծ քաշում էր մեր իշխանությունը, որը  համերաշխություն էր քարոզում, մենք համաներեցինք իրենց, մեր  խորհրդարանը համաներեց Մարտի 1-ի գործով դատապարտվածներին, այդ թվում նաեւ Փաշինյանին, բայց ինքը, գալով իշխանության, գնաց անձնական վրեժխնդրության ճանապարհով: Դատարանը Փաշինյանին կամ որեւէ մեկին չի արդարացրել, նրանք համաներվել են, մինչդեռ այսօր որեւէ դատարանի որոշում չկա, որ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, Սերժ Սարգսյանն է մեղավոր, Միքայել Հարությունյանն է մեղավոր, որ Խաչատուրովն է մեղավոր»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ շեշտեց՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսումները ապացուցեցին, որ այս գործը Փաշինյանի իշխանության ձեռքին դարձել է խաղաքարտ. «Փաշինյանը  խճճվել է Մարտի 1-ի ճահճի մեջ եւ ամբողջ պետությունն է տարել դեպի այդ ճահիճը, փոխանակ հաներ այդ ճահճից: Սուրբ գրքում է գրված՝ ինչ ցանես, այն էլ կհնձես: Այսօր մեծագույն  խայտառակություն է, որ ՀՀ 2-րդ նախագահը շարունակում է մնալ կալանքի տակ, այդ գիծը քաշելու համար Փաշինյանը նույն կերպ, ինչպես գաղտնալսումը ցույց տվեց, պետք է զանգի Սասուն Խաչատրյանին եւ ասի՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեք»:  

Ստեղծված իրավիճակում, ըստ Շարմազանովի, Փաշինյանին մեկ բան է մնում՝  ներողություն խնդրել ժողովրդից ու հայտարարել, որ ինքը  սխալվել է, երբ հայտարարել է, որ Մարտի 1-ը բացահայտված է:

« Ինչպես ասել եմ մայիս ամսին՝ իր աչքերի մեջ նայելով, կրկնում եմ նաեւ հիմա՝ Փաշինյանը չի կարող լինել երկրի ղեկավար, նա պետք է հեռանա, որովհետեւ պետությանն ղեկավար ոչ թրաշ պահելով են դառնում, ոչ՝ ճառ ասելով»,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ