Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում բանավիճել Սերժ Սարգսյանի հետ.2rd.am
2rd.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զրագացումներին, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների անցկացմանը: Ներկայացնում ենք մեկ հատված զրույցից:
-Իր ելույթներից մեկում նախագահ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե որեւէ մեկը չպետք է իրավունք ունենա նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների նպատակներից մեկը հենց այդ սահմանափակման ամրագրումն է:
-Դրա համար Սահմանադրությունը վերաձեւելու կարիք չկա, առավել եւս, երբ պարզվեց, որ նախագահն ինքը դեմ է հանձնաժողովի առաջարկած փոփոխություն¬ներին: Պետք է ընդամենը հանել “անընդմեջ” բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող եւ այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի:
-Պարոն նախագահ, փոքր-ինչ շեղվելով հիմնական թեմայից, անդրադառնանք եւս երկու-երեք արդիական հարցերի: Վարչապետ Սարգսյանի հրաժարականից հետո նախագահը բավականին բարձր գնահատական տվեց նրա գործունեությանը: Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ես չգիտեմ, թե ինչպես եւ ինչն էր նա գնահատում նախկին վարչապետի գործունեության մեջ, սակայն, դատելով ամենից, աշխատանքի արդյունքներն այստեղ կապ չունեն: Տնտեսության ծավալը թե համադրելի թվերով, թե դոլարային արտահայտությամբ դեռեւս ցածր է նախաճգնաժամային մակարդակից՝ պարտքի եռապատկման եւ աղքատության էական աճի պայմաններում: Այդպիսի արդյունքներով կարծես թե ընդունված չէ հպարտանալ:
-Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը նոր վարչապետի մասին:
-Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար եւ փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում:
-Եվ վերջին հարցը: Ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի վերջին նիստում՝ նախագահը բավական թափանցիկ ակնարկ արեց Ձեր հասցեին, ասելով, որ որոշ նախկին բարձրաստիճան դեմքեր փնտրում են իրենց հաջողությունը գործող իշխանության ձախողումներում: Ինչպիսի՞ն կլինի Ձեր պատասխանը:
-Բանավիճել նրա հետ չեմ պատրաստվում, քանի որ խոսքը գնում է իր սուբյեկտիվ զգացումների մասին: Առավել եւս, որ ՀՀ եւ ԼՂՀ բարձրագույն պետական պաշտոններում իմ գործունեության գնահատականը ոչ մի կերպ կախված չէ ներկայիս իշխանությունների արդյունավետությունից: Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց: