23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արհմիությունները հիմնականում վերածվել են հանգստյան ուղեգիր տվող, ամառային երեկոները Ծաղկաձորում ըմբոշխնող միությունների. Գևորգ Պետրոսյան /տեսանյութ/

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Վարդան Ղուկասյանի, Արթուր Գրիգորյանի, Հրանտ Մադաթյանի հեղինակած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

Գ.Պետրոսյանը ներկայացրեց, որ գործող օրենքը սահմանում է, որ արհեստակցական կազմակերպությունը հիմնադրվում է նրա հիմնադիրների (առնվազն 3 աշխատողի) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր ժողովի որոշմամբ, որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Ըստ նրա՝ արհմիության անդամը, միության ընտրովի պաշտոններում ընդգրկվելու դեպքում, կաշկանդված է լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով, այսինքն՝ արհմիության լիազորված ներկայացուցիչները, լինելով գործատուի աշխատողներ, օգտվելով գործատուի գույքից, նրա կապի և տրանսպորտի միջոցներից, չեն կարողանում իրենց՝ որպես արհմիության անդամի լիազորությունները անկախ և օբյեկտիվ իրականացնել, նաև տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիությանն անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից:

Պետրոսյանի խոսքով՝ իրենք առաջարկում են սահմանել անկախ արհմիություն ստեղծելու և դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական միություններին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրենքով:

«Սա մրցակցությունը խարխուսելու հնարավորություն է, աշխատողները կարող են անդամակցել ինչպես ներսի, այնպես էլ որևէ թելով գործատուից չկաշկանդված արհմիության։ Մարդու իրավունքի պաշտպանության տեսանկյունից այս նախագիծը լիովին համապատասխանում է Սահմանադրության տառին և ոգուն»,- ասաց Գ.Պետրոսյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցադրում արեց, թե ինչպե՞ս է պատկերացնում, որ տարբեր գործատուների աշխատողներին միավորող արհմիությունը կազմակերպի գործադուլ։

Գ.Պետրոսյանի խոսքով՝ մարդիկ իրավունք ունեն ընտրել, թե ո՞ր արհիմության անդամ լինեն՝ որը գործադուլ կղեկավարի, թե՞ որն իրենց շահերը կպաշտպանի. «Արհմիությունները հիմնականում վերածվել են հանգստյան ուղեգիր տվող, ամառային երեկոները Ծաղկաձորում ըմբոշխնող միությունների։ Արհմիություններն էսօր կշիռ չունեն ո՛չ դատարանում, ո՛չ գործատուի մոտ։ Մարդիկ մասսայական դուրս են գալիս, որովհետև իրանց «քյարը» մնում է անդամավճար վճարելը»։

Պետրոսյանը նշեց, որ գործադուլի իրավունքն ամրագրված է երկրի հիմնական օրենքում և արհմիության անդամ չլինելը չի զրկում նրանց այդ իրավունքից։

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ արհմիությունը պետք է լինի աշխատող մարդու օմբուդսմենը։ Ըստ նրա՝ անհրաժեշտության դեպքում պետք է հեղափոխական ճանապարհով գնալ, սակայն կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին. «Ձևական արհմիությունները՝ գալչկայի համար, ոչ մեկին օգուտ չէ»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ հատվածական լուծումներից կարելի է խուսափել և համակարգային նոր լուծում տալ. «Այլընտրանքային արհմիություն ստեղծելու հնարավորություն այսօր էլ կա, բայց տրանսպորտի արհմիությունը չի կարող պաշտպանել ուսուցչի շահերն այնպես, ինչպես կրթական ոլորտի արհմիությունը»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանի խոսքով՝ ճյուղային մակարդակում աշխատողներն այսօր էլ կարող են ունենալ արհմիություն, որը կախված չէ կոնկրետ գործատուից, տարբեր գործատուների աշխատողները կարող են ստեղծել անկախ արհմիություն. «Այսինքն՝ այս մասով ճյուղայինի դեպքում անկախությունը բավականին ապահովված է։ Կարիք չունենք ձեր առաջարկած էս տարբերակով ունենալ արհմիություն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ