Ինչի նախկինում ընդդիմությունը չի՞ կարողացել հարցեր տալ, հենց ուզեցել ա հարց տա, եկել են, ծեծել են բազկաթոռի վրա, հա՞: Չէ, լո՞ւրջ, տենց բան են ասե՞լ /տեսանյութ/
«Հո չե՞ն ընդունելու իրենք իրենց սխալները: «Սպառնալիք» ասելով՝ ի նկատի ունեմ ֆեյսբուքյան տարբեր գրառումները, նաև որոշ խոսքեր, որ մեզ են հնչել: Ես չեմ ցանկանում էդ բանի մեջ մտնել, ես իմ գնահատականը տվել եմ, և կարծում եմ՝ իրենք գիտեն` որն էր սպառնալիք, որը չէ, մեզ ասեն՝ ինչ ասենք, ինչ չասենք՝ էդ կոնտեքստում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ընդդիմություն-իշխանություն փոխհրաձգություններին:
Նա չհամաձայնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությանը, որ իշխանությունը շատ հանդուրժող էր, և ընդդիմությունը կարողացավ «հարցեր տալ» https://168.am/2019/02/18/1083357.html . «Էդ ձև բան են ասե՞լ, որ կարողացել ենք հարցեր տա՞նք: Այսինքն՝ նոր Հայաստանը նրանով ա լավը, որ կարողանում ենք հարցեր տա՞նք: Ինչի՞ նախկինում ընդդիմությունը չի՞ կարողացել հարցեր տալ, հենց ուզեցել ա հարց տա, եկել են, ծեծել են բազկաթոռի վրա, հա՞: Չէ, լո՞ւրջ, տենց բան են ասե՞լ»:
Մարուքյանը հարցադրում արեց՝ 10-15 տարում եղե՞լ է մի դեպք, որ ընդդիմությունը չկարողանա հարց տա. «Ես ապշած եմ: Ասեցին՝ ընդդիմությունը կարողացավ ազատորեն դեմ քվեարկի: Ի՞նչ պիտի անեին, թևերներս կապելու էին, գցեին մի տեղ, չկարողանայինք քվեարկեի՞նք: Այսինքն՝ եթե դրանք են պրոգրես արձանագրվելու, ես ցավում եմ»:
Նա վստահեցրեց, որ իրենք չեն ցանկանում, որ իշխանությունը ձախողվի, որովհետև դա նաև ընդդիմության ձախողումն է ու անդրադառնալու է նաև իրենց երեխաների վրա.
«Երբ իշխանությունը հարձակվում է ընդդիմության վրա, ինքն իր ոտքին է կրակում, որովհետև որ օրը խորհրդարանի ընդդիմությունը դելեգիտիմիզացվի, արտախորհրդարանական ուժերը պահանջելու են էդ խորհրդարանը ցրել: Ինչո՞ւ: Որովհետև եթե իշխանությունն ինքն իր բերանով ասի, որ ընդդիմություն չկա, ուրեմն չի կարող լինել պառլամենտ, պետք է ցրվի ու նորից ընտրություն արվի: Եթե դրան են տանում մեր գործընկերները, ես պատրաստ եմ վաղը ընտրությունների: Դրա համար ով ինչ խոսում է, պետք է երկար մտածի՝ ինչ է խոսում»:
Ամեն դեպքում, Մարուքյանը նկատեց, թե փոխհրաձգություն չկա, կա դեբատ, և հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կընթանա:
Ի պատասխան հարցի, թե ո՞ր ԶԼՄ-ներն են հարձակվում ԼՀ-ի վրա, Մարուքյանը անուններ թվարկեց՝ իշխանական «Հայկական ժամանակ», «Ժողովուրդ» օրաթերթերը.
Օրինակ, ինչպես նշել Է. Մարուքյանը, ՀԺ-ն անանուն խմբագրական է հրապարակել՝ գրելով, որ ընդդիմությունը պատռել է իր դիմակը, իսկ «Ժողովուրդը» գրել է, որ ԼՀԿ-ն հանդիպում է նախագահ Սարգսյանի հետ՝ խնդրելով հովանավորել իրենց.
«Միշիկից պրծանք, Սաշիկից պրծանք, հիմի էլ Արմեն Սարգսյանն եկավ: Եթե «Հայկական ժամանակը» տենց բան է գրում, հետո ֆեյսբուքյան օգտատերերից ի՞նչի նեղանամ, որ քրֆում են:
Այսինքն՝ ինչ նախագիծ բերեն, պետք է վախից կո՞ղմ քվեարկենք, որ չասեն Ռոբերտ Քոչարանն ու Սերժ Սարգսյանն են մեր հետևում: է՞ս ա նոր Հայաստանը: Տեղ ենք հասել, իջեք: Ես ցավում եմ, որ երբեմնի իմ ամենաընթերցած թերթը մի հատ առաջին իսկ կառավարություն-ընդդիմություն բախումից հետո նման խմբագրական է հրապարակում»: