27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ կիսանախագահական համակարգին

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է հրապարակել, որում նշվում է․

«Հայաստանի կառավարության ծրագիրը, որն այս շաբաթ արժանացավ Ազգային ժողովի հավանությանը, ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ:

Ծրագիրը նաև պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսին են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը և այլն։ Հռչակվում է անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արտահանման վրա հիմնված, արդար մրցակցային և մասնակցային տնտեսության և ներդրումային նպաստավոր միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները տնտեսության և ռազմարդյունաբերության լոկոմոտիվ դարձնելու ռազմավարությունը, ներկայացված են երկրի զարգացման բազմաթիվ այլ հավակնոտ ծրագրային նպատակներ

Նոր իրավիճակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ թեև ավարտվել է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն դեռևս պահպանվում է դրա ստեղծած համակարգի հսկայական ազդեցությունը երկրի քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա:

Ուստի, առաջիկա տարիները պետք է դառնան մի կողմից փաստացի դեռևս գոյություն ունեցող արատավոր համակարգի ապամոնտաժման և սահմանադրական կարգի վերականգնման, մյուս կողմից` ապագա զարգացող, ժողովրդավարական, միջազգային հարաբերություններում ամուր մրցակցային դիրքեր ունեցող Հայաստանի հիմքերի ստեղծման տարիներ:

Առկա իրողությունների թելադրանքով, առաջիկա հինգ տարիների համար Հայ ազգային կոնգրեսը առաջնային է համարում արմատական լուծումները հետևյալ ուղղություններով՝ Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգի վերափոխում, մրցակցային, ազատական տնտեսության հիմքերի վերականգնում, դատաիրավական համակարգի վերափոխում, արդարության հաստատում»։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունն առաջարկում է մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին, նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ, արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի, արմատախիլ անել կոռուպցիան, վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար, ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, էապես կրճատել ստվերային տնտեսությունը, դատական համակարգը մաքրել, ազատել դատավորի բարձր կոչումը վարկաբեկած, կոռումպացված ու կամակատար դատական կադրերից, կիրառել անցումային արդարադատություն:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ