Իմ խեղճ գլուխն այնպե՜ս է պտտվում, եւ ես ինձ այնքա՜ն լավ եմ զգում…
Հարեւանները
Ա՜խ, ինչպես էին դատապարտում նկարչին հարևանները։ Բոլորը խոսում էին այն մասին, թե նա ի՜նչ, տաղանդավոր է, և ի՜նչ ափսոս է, որ խմում է՝ թաքուն ուրախանալով, որ գոնե այս հարցում նման է իրենց։
Եվ ոչ-ոք չգիտեր, որ նկարչր տանը գինու սափորում արդեն վաղուց սովորական աղբյուրի ջուր է, որն առավոտները թեթև քայլվածքով բերում է նա, որին սիրում է նկարիչը։
Իսկ հարբած է, որովհետև խմում է վաղորդյան արևը, ձյունածածկ գագաթների ճերմակությունը և վրձնով թափթփում է դրանք իր կտավների վրա։
Ես այցելում էի նրա միշտ բաց տունը, ջուր խմում այն սափորից և, օրորվելով, երջանիկ ու տխուր, գնում տուն։
Երևի, այնուամենայնիվ, դա սովորական ջուր չէր, կամ էլ մեղավոր էին ջուրը լցնող ճկուն ձեռքերը, և աչքերը այն աղջկա, որը շատ է սիրում նկարչին, լեռնային մանուշակի գույն ունեցող աչքերը։
Իմ խեղճ գլուխն այնպե՜ս է պտտվում, եվ ես ինձ այնքա՜ն լավ եմ զգում։ Իսկ ահա անմիտ հարևաններն արդեն ինչ-որ բան են խոսում իմ մասին։
Թող այդպե՛ս լինի։
Լեոնիդ Ենգիբարյան