Իներցիայի դուխով
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե կառավարության ներկայացրած ծրագրով տրված է տնտեսական հեղափոխության մեկնարկը, կառավարության ծրագիրը դաժան քննադատության է արժանանում ։ 71 էջից բաղկացած այս ծրագրում կգտնեք ամեն ինչ՝ խոսվում է ամեն ինչի մասին, ազգային անվտանգությունից՝ մինչև քաղաքացիների երջանկություն: Միայն թե բարի երազանքների կողքին բացակայում է գործողությունների հաջորդականությունը՝ ինչպե՞ս է պետք հասնել այդ արդյունքին։
Գուցե հեղափոխական հույզերի վրա իշխանության եկած գործադիրը հույսը դարձյալ դրել է իներցիայի վրա:
Թե ո՞ւր մնացին նախընտրական խոստացված տոկոսները`աղքատության, գործազրկության կրճատման մասով, պարզ չէ: Մի բան, սակայն պարզ է`կառավարությունը հետ է կանգնում խոստումներից: Այս մասին վերլուծաբաններն ու ԶԼՄ-ները, «հակահեղափոխականները» չեն միայն ասում: Այս մասին փաստում են հենց Նիկոլ Փաշինյանի թիմակիցները:
Այսպես, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը նշել է.
«Բա մենք անտեղի գրեցի՞նք մեր Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզը. Կառավարության ծրագրի նախագծում չկա ոʹչ անցումային արդարադատություն, ոʹչ սահմանադրության փոփոխություններ, ոʹչ կուսակցությունների մասին օրենքի փոփոխության գաղափար, ոʹչ ընտրական օրենսգրքի փոփոխության գաղափար, ոʹչ դատախազության, ոʹչ ՀՔԾ, ոʹչ ոստիկանության, ոʹչ ԱԱԾ, ոʹչ ՔԿ բարեփոխման գաղափարներ: Եթե կա էլ, շատ մակերեսային, հպանցիկ:
Կա տեսական տարբերակ, որ այդ և այլ բաները փոխվելու է ԱԺ ձեռով՝ օրենքներով, բայց այս նախագծում եղած բազմաթիվ բաներ նույնպես օրենքներով են փոխվելու: Հիմա, վերոհիշյալ և այլ մարտահրավերները կարգավորելու համար, ԱԺ-ն ծրագիր է ունենալո՞ւ, թե՞ ինչպես:
Ես հիմա չեմ ուզում մատնանշել բոլոր բանավոր խոստումները, որ տվել է նոր իշխանությունը վերոհիշյալ ոլորտների բարեփոխումների մասին, բայց հիմա ճիշտ ժամանակն է բացատրելու, թե ինչու չկան այդ մարտահրավերները Կառավարության ծրագրի նախագծում, որն ի դեպ շատ թույլ է հենանշային ցուցիչներից, դրանք գրեթե չկան՝ որտեղ ենք և ուր ենք հասնելու, կոնկրետ թվեր են հարկավոր, թեկուզ մոտավոր և այլն և, եթե սա այսպես ընդունվի ԱԺ-ում, արդյո՞ք հետո չի բացատրվելու, թե նման պարտավորություն չենք ունեցել Կառավարության ծրագրով»:
Քաղհասարակության մեկ այլ ներկայացուցիչ՝ Զարուհի Հովհաննիսյան ասել է․ «Կենացների ու բարեմաղթանքների շարանը, որը ներկայացված է կառավարության ծրագրում, ցավոք, ոչ միայն անընդունելի է, այլեւ համահունչ չէ հեղափոխական գաղափարներին»։ Իշխանությունը պետք է լրջորեն մտածի՝ ինչպես կանգնեցնել հիասթափությունների այս ալիքը»։