25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում. Նիկոլ Փաշինյանն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ։ Նրան դիմավորեց հիմնադրամի նախագահ պրոֆեսոր Նորբերթ Լամերթը։ 

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գործունեության հիմքում ընկած են ազատության, արդարության եւ համերաշխության սկզբունքները։ Այսպես իր ելույթը սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ինչպես 7 տասնամյակ առաջ Գերմանիան, այնպես էլ այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում: Նա ընդգծեց, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հիմքում այնպիսի գաղափարներ ու սկզբունքներ էին, որոնք հիմնարար են նաև հիմնադրամի համար: 

«Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ: Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել եւ խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունը այլեւս վտանգված չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրություններն ամրապնդեցին ունեցած ձեռքբերումները եւ ապացուցեցին, որ հայ ժողովուրդը ժողովրդավարությանն այլընտրանք չի տեսնում: Նա նշեց, որ հայ ընտրողը մերժեց բոլոր նրանց, ում անուններն աղերսվում էին կոռուպցիայի, հիմնարար ազատությունների սահմանափակման, վատ կառավարման, տնտեսական անարդյունավետության եւ լճացման հետ:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր կառավարությունն աննախադեպ լեգիտիմության եւ հանրային վստահության քվե ունի: Վերջին հարցումներից մեկի համաձայն` հասարակության ավելի քան 70 տոկոսը վստահ է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ:

«Այս աննախադեպ վստահության մակարդակը մեզ պարտադրում է վճռական քայլեր կատարել բարեփոխումների ուղղությամբ, եւ այս հարցում մենք ձախողելու իրավունք չունենք: Մյուս կողմից՝ հանրային վստահությունը տալիս է յուրահատուկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք մեր ձեռքբերումների ամրապնդման եւ մեր երկրում ժողովրդավարության ապագայի պաշտպանության համար: Կարծում ենք, որ վերափոխման գործընթացի հաջորդ քայլը պետք է լինի մեր քաղաքական ձեռքբերումները տնտեսականի վերածելը: Այլ կերպ ասած, մենք պետք է տնտեսական հեղափոխություն կատարենք»,-ասաց նա։

Որպես դրան հասնելու ուղի՝ վարչապետը նշեց ժողովրդի գործարար եւ մտավոր ներուժի ազատ եւ անսահմանափակ իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Նա ավելացրեց, որ ընդունել եւ արդեն սկսել են իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ:

«Մասնավորապես, ներկայումս մենք արմատական քայլեր ենք ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհները վերացնելու, բոլոր տնտեսական եւ քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմաններ ապահովելու  եւ անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին հաջողության հասնելու համար մենք զարգացնում ենք մեր տնտեսական եւ քաղաքական ինստիտուտները»,-ասաց նա:

Հայաստանը վճռական է այս ճանապարհին, սակայն, վարչապետի խոսքով, այնուամենայնիվ, ինչպես ցանկացած այլ անցումային երկիր, ՀՀ-ն եւս կարիք ունի լրացուցիչ աջակցության՝ բարեփոխումներն արագացնելու համար: Այս համատեքստում, վարչապետը հրավիրեց ներկաների ուշադրությունը մի փաստի վրա։

«Կցանկանայի ձեր ուշադրությանը հրավիրել մի հանրահայտ փաստի վրա. նախկին խորհրդային երկրներից ոչ մեկին չի հաջողվել արդիականացնել ինստիտուտներն առանց ֆինանսական եւ տեխնիկական աջակցության: Հայաստանը բացառություն չէ: Ավելին, հետխորհրդային երկրներին բնորոշ մարտահրավերներից բացի, Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից դիմակայել է մի շարք այլ մարտահրավերների: Այս առումով, Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների օրակարգի համար: Դժվար է գերագնահատել վերջին քառորդ դարում Հայաստանին տրամադրված ԵՄ աջակցության կարեւորությունը»,- նշեց նա:

Հայաստանը վճռական է, սակայն, ըստ վարչապետի, ԵՄ-ի ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել եւ ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները: Այստեղ նա  ընդգծեց Եվրոպական Միության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը: Ըստ նրա՝ դրա իրականացումը կարող է մեծապես նպաստել ինստիտուտների զարգացմանը։ Վարչապետը նշեց, որ Հայաստանը ցանկանում է խորացնել իր տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ:

«Գերմանիան մեր հիմնական դոնորներից է եւ հիմնական առեւտրային գործընկերներից: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, ներառյալ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը եւ այլն: Մենք հավատարիմ ենք մեր կապերի ամրապնդմանը եւ տնտեսական համագործակցության նոր հեռանկարների ուսումնասիրությանը: Նոր ժողովրդավարական Հայաստանը մեծ հնարավորություններ է տալիս առեւտրի եւ ներդրումների համար: Ներկայումս ընթացող կայուն ինստիտուցիոնալ բարեփոխումներից զատ, մենք ունենք մի քանի այլ առավելություններ ևս»,- ընդգծեց վարչապետը՝ շեշտելով, որ Հայաստանը Եվրասիական Տնտեսական Միության անդամ է, ինչը ենթադրում է ազատ մուտք  180- միլիոնանոց շուկա եւ աշխարհի մի քանի երկրների հետ ազատ առեւտրի պայմանագրերի անխափան ու անխոչընդոտ գործողություն:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես Եվրամիության եւ Եվրասիական միության շուկաները կապող տնտեսական կամուրջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ