Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների միության նախագահ Ջոն Էմանուել Շիրաջյանի հրավերով հունվարի 15-19-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում կայանալիք միության 35-րդ համագումարին, որի ընթացքում նախատեսվում է նաեւ աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թվականի մրցանակ:
ԿԳ նախարարի պաշտոնակատարը կայցելի Հարավային Կալիֆոռնիայի համալսարան եւ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան /UCLA/, ինչպես նաեւ Լոս Անջելեսի հայկական դպրոցներ, հանդիպումներ կունենա դրանց ղեկավար կազմի, աշակերտների եւ ծնողների հետ: Արայիկ Հարությունյանն այցի ընթացքում կհանդիպի նաեւ ամերիկահայ գիտնականների, կրթության ոլորտի մասնագետների եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում ակնկալվում են հետագա համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք գործնական առաջարկներ եւ քննարկումներ: