Լիազորություններիս ավարտի նախաշեմին այցելում եմ Արցախ. Արա Բաբլոյանը՝ Ղուլյանին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում hունվարի 2-ին ընդունել են աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:
Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով Արա Բաբլոյանին երկրին մատուցած ծառայությունների համար ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ՝ ընդգծել է նրա ակնառու ավանդը երկու խորհրդարանների ակտիվ փոխգործակցության եւ միջազգային հարթակներում Արցախի ձայնը լսելի դարձնելու գործում: ԱՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արա Բաբլոյանի՝ Արցախի հետ կապը շարունակական կլինի նաեւ լիազորությունների ավարտից հետո:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արա Բաբլոյանը նշել է. «Ինչպես ՀՀ խորհրդարանի նախագահ ընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցով ժամանեցի Ստեփանակերտ, այնպես էլ այսօր՝ լիազորություններիս ավարտի նախաշեմին, այցելում եմ Արցախ»: ՀՀ խորհրդարանի ղեկավարը խոսել է նաեւ փորձն ու հմտությունները նոր ձեւավորված խորհրդարանի գործընկերներին փոխանցելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով պետական նշանակության հարցերում համագործակցելու եւ համատեղ աշխատելու կարեւորությունը:
ԱՀ խմբակցությունների ղեկավարները, շնորհավորելով ՀՀ խորհրդարանի ղեկավարին, նույնպես բարձր են գնահատել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցությունը՝ առանձնացնելով Արա Բաբլոյանի մեծ նվիրվածությունն ու ահռելի աշխատանքը այդ գործում: