23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սփյուռքը տեղյակ չէ, որ մեզ որոշել են փակել. Սփյուռքի նախարարության աշխատակիցներ

Քիչ առաջ Մշակույթի նախարարության աշխատակիցներն իրենց նամակը փոխանցեցին վարչապետին ու հեռացան. Սփյուռքի նախարարության աշխատակիցները սպասում են, որ իրենց նամակը ևս կարողանան փոխանցել վարչապետին։

Նրանց առաջարկվեց, որ իրենք նամակը տանեն-հանձնեն Կառավարության համապատասխան բաժնին, ինչը մերժվեց։

Ի վերջո, Սփյուռքի նախարարության աշխատակիցների նամակը վերցրեց Կառավարության դիմում-բողոքների քննարկման վարչության պետ Ա. Ղազարյանը։ Այն հանձնելիս Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Լևոն Անտոնյանը մասնավորապես նշեց, որ իրենք դեմ են, որ Սփյուռքի նախարարությունը՝ որպես լիազոր մարմին տեղ չի գտնելու Կառավարության կազմում, ինչպե՞ս է լուծվելու աշխատակիցների հետագա զբաղվածության հարցը։

«Որոշումը կայացնելիս հաշվի չի առնվել Սփյուռքի կարծիքը, որոնք, ըստ էության մեր հիմնական շահառուներն են։ Հայաստանում գտնվող մարդիկ միգուցե չգիտեն, թե ինչ աշխատանք է տանում Սփյուռքի նախարարությունը, և դա բնական է. մեր աշխատանքը հայաստանաբնակների հետ չի առնչվում։ Կարծում ենք, որ կարիք կա նաև սփյուռքահայերի կարծիքը լսել, որովհետև մենք ստեղծվել ենք իրենց համար»,-նշեց Լ. Անտոնյանը։

Վերջինս հավելեց նաև, որ փաստորեն ատեսվում է պետական կառավարման աշխատանքի շուրջ 10 տարվա և ավելի փորձ ունեցող մարդկանց ներուժը, ովքեր Սփյուռքի հետ աշխատելու հսկայական փորձ ու հմտություն ունեն, ու նրանց որևէ այլընտրանք չի առաջարկվում։

«Մեծ աշխատանք է կատարվել սիրիահայերի ինտեգրման հետ կապված, և այդ մարդկանց մի մեծ բանակ հենց այստեղ իրենք կարող են փաստել, թե ինչ հսկայական աշխատանք է տարված։ Այս քայլով վտանգվում է նաև մեծ հայրենադարձության՝ վարչապետի որդեգրած քաղաքականության ի կատար ածումը։ Սփյուռքի նախարարությունը, որ տարիներ շարունակ զբաղվել է ներգաղթի խնդիրներով, չպետք է դառնա արտագաղթողների համար ճանապարհ բացող»,- նշեց Սփյուռքի նախարարության պաշտոնյան՝ հավելելով, որ երեկվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցով շրջանառության մեջ են դրել «Դեմ եմ Սփյուռքի նախարարության լուծարմանը» հեշթեգը, և արդեն իսկ Սփյուռքից մեծ քանակությամբ արձագանքներ կան։

Կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ նամակին կլինի գրավոր պատասխան, կամ իրենց հետ կապ կհաստատեն, բայց չի կարող ասել՝ երբ։

Այն հարցին, թե շարունակելո՞ւ են արդյոք այսօր գործադուլը, Սփյուռքի նախարարության աշխատակիցներն ասացին, որ չեն շարունակելու. ճիշտ է, ապամոտիվացված, բայց վերադառնում են աշխատավայր, քանի որ իրենք չեն կարող չպատասխանել սփյուռքահայերի զանգերին։

«Սփյուռքի հետ տարվող աշխատանքը անատոմիայի պես է. մենք չենք կարող կանգնեցնել այդ սնուցող օրգանիզմը։ Մենք չենք կարող մեզ դիմած մեր հայրենակիցներին ասել՝ գնացեք, այլևս ձեզ չենք օգնում»։

Հարցին, թե մինչև Սփյուռքի նախարարության լուծարման մասին նախագիծ շրջանառության մեջ դնելը, իրենց աշխատանքի գնահատում կատարվե՞լ է արդյոք, իրենց ասվե՞լ է, որ նախարարությունն անարդյունավետ է աշխատում, Սփյուռքի նախարարության աշխատակիցները պատասխանեցին, որ չի եղել նման բան, իսկ իրենց աշխատանքի իրական գնահատականները ոչ թե հայաստանյան շրջանակները պետք է տան, այլ իրենց անմիջական շահառու սփյուռքահայերը։

Դիտարկմանը՝ բավարարվե՞լ են արդյոք Աշխատանքային օրենսգրքի պահանջները, ու արդեն իսկ ծանուցվե՞լ են այն մասին, թե կարող են աշխատանք կորցնել, վերջիններս պատասխանեցին, որ, ըստ կարգի, որևէ ծանուցում չեն ստացել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ