Պահումներ արվելու են. մասնակիցները պետք է ֆոնդեր ընտրեն. Դ. Հարությունյանի հայտարարությունը
՛՛Ես հասկանում եմ, որ իմ մեկնաբանությունն այդ որոշման շատերի դուրը չի գալիս, բայց ներկայացնեմ իմ մեկնաբանությունը: Բանն այն է, որ թեև որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ ՍԴ-ը նշել է, որ եթե այդ նորմերն այսօրվանից ուժը կորցնեն, ապա կխաթարվի երկրում իրավական անվտանգությունը, որպեսզի դա չխաթարվի, այդ նորիմերը կշարունակեն գործել մինչև սեպտեմբերի 30-ը՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ խոսելով ՍԴ այսօրվա որոշման մասին, ապա հավելեց. ՛՛Այդ ժամանակահատվածում Կառավարությունը և Ազգային ժողովը պետք է քայլեր ձեռնարկեն, որ հիմք ընդունելով ՍԴ որոշման պատճառաբանական մասը՝ փոփոխություններ կատարեն օրենքում՛՛:
Ճշտող հարցին՝ հակասահմանադրական ճանաչված հոդվածները շարունակելու են գործել, նա պատասխանեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը ակտիվորեն գործելու են: ՛՛Ես այդպես եմ ընկալում ՍԴ որոշումը՛՛:
Դիտարկմանը, որ դատարանն օգտագործեց վերահաշվարկ եզրույթը, դա ինչ էր նշանակում, նա արձագանքեց, որ դատարանը նշեց շատ կարևոր մի հանգամանք, որ եթե այն փոփոխությունները, որ պիտի տեղի ուեննան մինչև սեպտեմբերի 30-ը, նախատեսեն անձանց իրավական դրությունն ավելի բարելավող նորմեր, ապա անկախ նրանից, որ նրանք ուշ են ուժի մեջ մտնելու, այսինք օրինակ սեպտեմբերի 17-ին, դրանք պետք է ունենան հետադարձ ուժ, տարածվեն այն անձանց վրա, ումից կատարվել են պահումներ մինչև այդ ամսաթիվը:
Դավիթ Հարությունյանի համոզմամբ՝ օրենքը մինչև սեպտեմբերի 30-ը գործելու է այն տեսքով, ինչ-որ մինչև հիմա, այսինքն՝ մասնակիցները պիտի պարտադիր ֆոնդեր ընտրեն ու պահումներ պիտի արվեն նրանցից: ՀՀԿ պատգամավորը շեշտեց, որ սա իրավաբան Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունն է ՍԴ-ի որոշման:
Դիտարկմանը, որ տարբեր տեսակետներ կան, հայցվոր կողմն էլ հակառակն է պնդում, ի՞նչով առաջնորդվի հասարակությունը, պատգամավորը պատասխանեց. ՛՛Ես չեմ կարծում, որ ՍԴ որոշումը հնարավոր է մեկնաբանել տարբեր ձևերով, եթե կլինի մեկ այլ ընթերցում, պատրաստ եմ բանավիճել՛՛: