23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրաժարականի ուրվականը

Հայաստանը սպասում է վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հրաժարականին: Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով  հոկտեմբերի 15-ին կամ  հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական կներկայացնի: Այս մասին , հիշեցնենք, նա հայտարարել  էր «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ասելով, թե արտահերթ ընտրությունները տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ին, իսկ դրա համար, հստակեցրել էր Փաշինյանը, պետք է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածը: Սահմանադրության համաձայն, յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը կարող է վարչապետ ընտրել պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Ըստ ամենայնի, խորհրդարանական խմբակցությունները սեփական թեկնածու չեն ներկայացնի:

«Կարծում եմ՝ նրանք թեկնածու չեն առաջադրի մարդկանց գրգռելու համար, որովհետեւ եթե թեկնածու առաջադրեն, կբորբոքեն մարդկանց։ Վատ չի լինի, եթե համաձայնագիր էլ լինի։ Կարծում եմ, որ բոլոր որոշումները կկայացվեն իրավիճակին համապատասխան»,-հայտարարել էր Փաշինյանը: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց օրինակ, ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանից, «բարաթ» ստանալ: Դաշնակցությունը, թեեւ թուղթ չստորագրեց, բայց հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրի , նույնը արեց նաեւ Հանրապետականը, թեեւ շեշտեց, որ համաձայն չէ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու գաղափարին:

Ավելի ուշ, Ազգային ժողովը լուծարելու նոր լուծում առաջարկեց  ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա ուշադրություն հրավիրեց կայուն մեծամասնության ապահովման խնդրի վրա, ինչը սահամանդրական պահանջ է:

«Պետք է 92-րդ հոդվածում լրացում կատարվեր հենց խորհրդարանի կողմից, որտեղ ասվում է, որ 92-րդ հոդվածը տալիս է հիմքեր ԱԺ-ն իրավունքի ուժով արձակելու համար, ընդամենը այդ հոդվածում պետք է ավելացվեր հետևյալը՝ ԱԺ-ն իրավունքի ուժով կարող է արձակվել  խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում, որովհետև խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է ինստիտուցիոնալ  լուրջ խնդիրներ ԱԺ- կառավարություն և ԱԺ-այլ մարմիններ հարաբերություններում: 92-րդ հոդվածում կարող էր փոփոխություն կատարվել, և այդ փոփոխությունը հանրաքվեով  չի կատարվում: Լուծումներ կան Սահմանադրության մեջ, և այդ լուծումներով պետք է առաջնորդվել, ոչ թե ավելի շատ քաղաքական աղմուկ բարձրացնել»,-հուշել էր ՍԴ նախկին նախագահը: Այս տարբերակը նշանակում է ԱԺ-ի լուծարում՝ առանց վարչապետի հրաժարականի:

Հ.Գ. Ի դեպ, քիչ առաջ հայտնի դարձավ, որա այսօր Փաշինյանը հրաժարկան չի ներկայացնի: Այդ մասին Tert.am-ին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր սպասվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը հրաժարականը:

«Նախ, ուզում եմ հիշեցնել, թե ինչ էր ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ: Նա շեշետել էր, որ նախնական տվյալներով, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերի 9-10 -ին, ապա պետք է հրաժարական տա Ձեր նշած ժամանակահատվածում: Իսկ եթե ընտրությունների օրը, ասենք, 2-3-5 օրով տեղափոխվի, ապա հրաժարականի ժամանակահատվածն էլ հետևաբար փոխվում է, դա կլինի առաջիկայում»,-ասել է նա՝ շեշտելով, որ հրաժարականի օրը կապված է նաև մի շարք այլ հարցերից, որոնց ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում:
Հ.Գ. 1. Վարչապետի խոսնակի մեկնաբանությունից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը հրաժարականի հարցում չի շտապում, գուցե մտավախություն ունի, որ պայմանավորվածությունները կխախտվե՞ն: Այս դեպքում գուցե ԲԴԽ նախագահի հուշումը պատահական չէր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ