24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի Հանրապետության ապագան մեր ձեռքերում է. Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի հայրենակիցներ,

այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձը:

Անցած քսանյոթ տարիները մեզ համար եղան պետականաշինության, ժողովրդավարության հաստատման ու քաղաքացիական հասարակության ձևավորման տարիներ: Եղան պետական ու հասարակական կյանքի բոլոր ասպարեզների վերափոխման և ազգային օրենսդրության մշակման տարիներ:

Միաժամանակ, Հայաստանը դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ, գործուն մասնակցություն ունեցավ միջպետական տարբեր դաշինքների ստեղծմանը՝ դրանով իսկ ընդլայնելով ու ամրապնդելով իր տնտեսության զարգացման հնարավորությունները և անվտանգային միջավայրը:

1991 թվականի այս օրը կանգնած լինելով կանխատեսելի ու անկանխատեսելի մարտահրավերների, բազմաթիվ փորձությունների և հարցականների առջև՝ մենք անբեկանելի վճռով ուրվագծեցինք մեր հայրենիքի ազատ ապագան: Անկախ պետականություն կառուցելու ճանապարհը մեզ համար անցավ պատերազմի արահետներով: Եվ այսօր տոնելով Հայաստանի Հանրապետության ծննդյան հերթական տարեդարձը՝ առաջին հերթին պիտի ոգեկոչենք հայրենիքը, հայությանն ու սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելիս ընկածների պայծառ հիշատակը: Հավերժ փառք նրանց:

Սիրելի բարեկամներ,

սեպտեմբերի 21-ը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի մղած դարավոր պայքարի փառավոր էջերն ու փորձություններով լի պահերը և դարձել է ազատ ապագա կերտելու մեր ձգտման իրավական վավերացումը: Դրա շնորհիվ այսօր պահպանում ու զարգացնում ենք մեր քաղաքակրթական ինքնատիպ ու հարուստ ժառանգությունը, ունենք ժողովրդավարական հասարակություն, պաշտպանված հայրենիք և խելակորույս արագությամբ փոխվող աշխարհի կարևորագույն գործընթացներին ինտեգրված պետություն:

Մենք համաժողովրդական պայքարով ենք հասել այս նվաճումներին, որոնք պահպանելու և ամրապնդելու համար այսօր և միշտ անհրաժեշտ է ըմբռնումն այն պարզ իրողության, որ Հայաստանի Հանրապետության ապագան այլևս մեր ձեռքերում է:

Սիրելի հայրենակիցներ,

սեպտեմբերի 21-ը մեր պետական տոնացույցում անջնջելի  տառերով գրվեց առաջին հերթին հայ ժողովրդի միասնության շնորհիվ:

Վերջին շրջանում մենք ներքաղաքական պայքարի լարված ամիսներ ենք ապրում:

Սակայն, անցած քսանյոթ տարիների անգամ ամենադրամատիկ պահերն ապացուցել են, որ մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները, հավատում ենք մեր ուժերին և իրականություն ենք դարձնում ապագային նայող ծրագրերը: Վստահ եմ, որ հիմա էլ այդպես կլինի և կսկսվի լուծումներ գտնելուն միտված կառուցողական քննարկումների ժամանակը:

Յուրաքանչյուրս հստակ գիտակցենք մեր տեղը, դերը և պատասխանատվությունը Հայաստանի ու հայության հանդեպ և ամենատարբեր ասպարեզներում հնարավորին չափով մեր ավանդը բերենք բոլորիս երազած հայրենիքը կառուցելու գործին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ բարեկեցություն: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ