Արա Բաբլոյանի ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:
Ինչպես հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասված է.
«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի հարգելի աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ:
Միաժամանակ, բազմաթիվ անգամներ ակտիվ մասնակցություն ցուցաբերելով այլ պետություններին պատուհասած աղետների հետևանքների վերացմանը՝ այնտեղ իրավամբ դարձել եք Հայաստանի և հայ ժողովրդի գթասրտության ու բարի կամքի յուրօրինակ խորհրդանիշը:
Շնորհակալ եմ ձեր վտանգաշատ աշխատանքն անձնուրացաբար կատարելու և բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու համար:
Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն աղետներին դիմակայելու և նրանց անխուսափելի հետևանքները հնարավորինս նվազեցնելու, այլև կանխատեսման, կանխարգելման, արագ արձագանքման, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների կառավարման կարողությունների անշեղ կատարելագործման, բնակչությանն աղետներից պաշտպանվելու գիտելիքներ հաղորդելու գործում: Ցանկանում եմ նորանոր ձեռքբերումներ այս կարևորագույն ասպարեզներում:
Հայաստանի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից կրկին շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ»: