23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Լիդիան Արմենիա»-ն դիմում է վարչապետին

Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ եւ նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրենսդրությանը եւ միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդագորություն է տարածել ընկերությունը:

«Այս ընթացքում ընկերությունը ներդրել է մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար եւ պատրաստակամ է ավարտին հասցնել այս ներդրումային ծրագիրը՝ ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի, շրջակա համայնքների եւ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության:

Վերջին երեք ամսվա ընթացքում «Լիդիանն» ապօրինի կերպով զրկվել է շինարարական աշխատանքները շարունակելու հնարավորությունից: Ընկերությունն ակնկալել է, որ Կառավարությունը կապահովի տարրական օրենքի գերակայությունը: Կառավարության կողմից օրենքի գործարկումը չապահովելը հանգեցրել է լուրջ ֆինանսական եւ բարոյական վնասների Ընկերության համար, որոնք շարունակվում են եւ մեծանում են Կառավարության կեցվածքի հետեւանքով:

Հուլիսի 6-ից Կառավարությունը նախաձեռնել էր տեսչական ստուգումներ Ամուլսարում: Ընկերությունը միշտ բաց ու պատրաստ է եղել ցանկացած ստուգման: Ստուգումների մեկնարկից առաջ Ընկերությունը զգուշացրել է կառավարության ներկայացուցիչներին, որ Տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը, լինելով ակտիվիստ, Ամուլսարի դեմ բազմիցս միակողմանի, չհիմնավորված բացասական կարծիքներ է արտահայտել, ինչը հստակ ապացուցում է Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնի հետ իր լրջագույն շահերի բախման փաստը: Այս պարագայում, կարծում ենք, որ նա չէր կարող օբյեկտիվ եւ պրոֆեսիոնալ իրականացնել տեսչական ստուգման գործառույթը:  Տեսչական մարմնի հրապարակած եզրակացությունը եւ դրան հաջորդած Արթուր Գրիգորյանի հրապարակային հայտարարությունները նպատակ ունեն առանց որեւէ իրավական եւ գիտական հիմքի, մակերեսային պատճառաբանություններով վիժեցնել Հայաստանի ամենամեծ արտասահմանյան ներդրումը: Տեսչական խմբի կողմից հանրության անհանգստության պատճառ հանդիսացող ոչ մի թերություն չգտնելու պարագայում, Արթուր Գրիգորյանն անհեթեթ եւ ոչ իրավական եզրակացություններ է հրապարակել՝ բոլորովին չգիտակցելով իր առաքելության լրջությունը եւ նման անպատասխանատու վերաբերմունքի հետեւանքները: 

«Լիդիան Արմենիա» ընկերությունը մեկ անգամ եւս շեշտում է, որ Ամուլսարի ծրագիրը նախագծվել է եւ կառուցվում է ամենաբարձր բնապահպանական չափանիշներով եւ այս փաստը անտեսվել է Կառավարության կողմից:  Որոշակի ուժեր օգտվում են Կառավարության անգործությունից՝ սեփական շահերը հետապնդելով, փորձելով հեղինակազրկել Ամուլսարի ծրագիրը: Այս նպատակին ծառայեցվում են թե՛ անկեղծ ու անտեղյակ, թե՛ հատուկ վճարվող ակտիվիստները, ինչպես նաեւ այդ տարածքի որոշ անպատասխանատու էլեմենտներ:

Երեք ամիս տեւող այս ծանր իրավիճակը լուրջ հետեւանքներ է ունենում՝ վնաս հասցնելով Լիդիանում ստեղծված իրավիճակից ուղղակի տուժող հազարավոր հայաստանցիներին եւ նրանց  ընտանիքներին եւ անվերականգնելի հարված է հասցնում երկրի ներդրումային մթնոլորտին եւ տնտեսությանը։

Ընկերությունը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. շուտափույթ քայլեր ձեռնարկել` Ամուլսարի ծրագրի շուրջ տեւական ապօրինությունը վերացնելու եւ պետական գերատեսչությունների կողմից միջազգային Ընկերության նկատմամբ ապօրինի գործողություններին վերջ տալու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ