Ո՞վ է ՔՊ-ի՝ քաղաքապետի նոր թեկնածուն. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին վարչության նիստ է հրավիրելու՝ քաղաքապետի թեկնածու ընտրելու համար: Մինչ այս պահը թեկնածուները չորսն են՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և դերասան Հայկ Մարությանը, ով վերջերս է համալրել «ՔՊ» շարքերը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: Մի քանի օր առաջ կուսակցության վարչության նիստում թեկնածուները ներկայացրել են իրենց ծրագրերը, սակայն կիրակի վարչության նիստում, ամենայն հավանականությամբ, ընտրություն չի կայանա:
Մեր տեղեկություններով՝ նոր թեկնածու է ներկայացվելու վարչության դատին՝ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանի թեկնածությունը, գուցե՝ վերջինիս հենց Փաշինյանը ներկայացնի, գուցե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Չնայած Փաշինյանն անթաքույց համակրանք ունի դերասան Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի հանդեպ, սակայն «ՔՊ» վարչության մեծամասնությունը դեմ է նրան, իսկ Մեսրոպ Առաքելյանի առաջադրման դեպքում գուցե 13 հոգանոց վարչության ձայներն այնպես բաշխվեն, որ Կարգին Հայկոն առավելություն ստանա:
Հիշեցնենք, որ Առաքելյանն «Առաքելություն» կուսակցության վարչության անդամ է, 2013 թվականին նրանց նորաստեղծ կուսակցությունը մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին, սակայն հավաքեց ընտրողների 0,64 տոկոս ձայները՝ մոտ 2 հազար 600 ձայն: Մեզ հետ զրույցում Մեսրոպ Առաքելյանը չբացառեց իր առաջադրման հեռանկարը: Իսկ վարչապետի խորհրդական դառնալու վերաբերյալ պարզաբանեց, թե քանի որ «իր թիմը թավշյա հեղափոխության առաջին իսկ օրերից «ՔՊ»-ի կողքին է եղել, հեղափոխությունից հետո երկու թիմերի քննարկման արդյունքում հանգել են այդ որոշմանը»: Հիմա երկու թիմերում քննարկվում է նաև առաջիկա ընտրություններին համագործակցության հարցը: Իսկ հնարավոր է «Առաքելությունը» լուծարվի՝ միանալով «ՔՊ»-ին: «Այս պահին նման քննարկում, մտադրություն չկա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: