Սա վենդետա է թավշյա հեղափոխության կարգախոսի ներքո. /տեսանյութ/
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։
«Լայն զանգվածների տրամադրությունը փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և ըստ էության, ստացվում է, որ 21,5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է 2008 թվականի ընտրույթունները: Սա իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի և սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության կարգախոսի ներքո», – նշեց Ռոբերտ Քոչարյանը:
Նա ասաց, որ երբեք չէր մտածի, որ իրականության մեջ հնարավոր է այսպիսի շինծու քրեական գործ հարուցել:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, տեղեկացրել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
«Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար, որպես վկա կարգավիճակում, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ»,-ասաց նա: Քոչարյանը վստահ է` իր նկատմամբ ներկայացրած մեղադրանք հորինված է եւ շինծու, իրեն քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացնելու փորձ:
«Ես կարող եմ հայտնվել բանտում: Կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ: Ո՞ւր պետք է փախչեմ»,- ասաց նա