Ադրբեջանի հետ հնարավոր չէ այլ լեզվով. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարարը «Եվրասիա դեյլի» ռուսալեզու կայքին տված հարցազրույցում արել է մի քանի հատկանշական հայտարարություն, որոնք իմաստային առումով գուցե հնչել են նախկին իշխանության տարիներին էլ, սակայն տոնայնության մասով դրանք անկասկած աննախադեպ կոշտ ու հստակ են միաժամանակ և վերաբերում են ռազմական հարվածի, այսպես ասած, մենաշնորհին: Նախարար Տոնոյանը հայտարարել է, որ ադրբեջանական սադրանքի դեպքում Հայաստանն ամենևին զերծ չի մնա հակահարվածի գայթակղությունից, բայց արդեն անհամարժեք հակահարվածի, որն իր մասշտաբով գերազանցելու է ադրբեջանական գրոհը, և Հայաստանն Ադրբեջանի ձեռքին չի թողնելու հարվածի տեղ, ժամ, մասշտաբ որոշելու «մենաշնորհը»:
Ադրբեջանի ռազմատենչության կամ պատերազմի «մենաշնորհն» առանցքային գործոն է, թեև քիչ քննարկված: Կարծես թե բոլորը՝ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանը, Իրանը լռելյայն ընդունել էին այն, որ պատերազմի «մենաշնորհը» Ադրբեջանինն է, և մնում է ընդամենը թույլ չտալ, որ նա իրացնի այդ մենաշնորհը:
Հետաքրքիր է, սակայն, այս տարիների ընթացքում գրեթե չի խոսվել Ադրբեջանի ձեռքից այդ մենաշնորհը վերցնելու մասին, ինչը կլիներ, մեղմ ասած, շատ ավելի խոսուն և գործնական քայլ դեպի ռեգիոնալ խաղաղություն ու կայունություն, քան հակառակը՝ մի կողմից ճանաչել այդ մենաշնորհը թեկուզ լռելյայն, մյուս կողմից՝ փորձել համոզել Ադրբեջանին չգնալ ռազմական արկածախնդրության, դե իսկ Հայաստանի դեպքում էլ առավելագույնը ասել, որ արկածախնդրությունը կստանա ուժգին պատասխան հարված»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: